Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է «անվտանգային հարցեր»


«Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, արխիվ
«Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանական խմբակցության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում քննարկվել են գլխավորապես անվտանգային հարցեր, երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպման մասին այսօր հայտնեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Կապվա՞ծ էր արդյոք խմբակցության նիստը Մոսկվայում տեղի ունեցած փոխվարչապետերի հանդիպման հետ, հետաքրքրվեցինք Հովհաննիսյանից։ «Նիստը հաջորդել է նաև նոյեմբերի 26-ի հանդիպմանը, այսինքն մենք, ըստ էության, անընդհատ ամփոփում ենք, վերլուծում ենք այս պահին տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի կարողանանք հնարավորինս արդյունավետ և Հայաստանի շահերից բխող որոշումներ կայացնել», - պատասխանեց նա:

Դեկտեմբերի 1-ին Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը, որից հետո որևէ հայտարարություն չարվեց՝ հարց առաջացնելով ի՞նչ թեմայի շուրջ փոխվարչապետերին չհաջողվեց գալ ընդհանուր հայտարարի։

Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը առանց մանրամասնելու միայն նշեց, որ «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։

Խմբակցության քարտուղարը չի հերքում երեկ վարչապետի հետ քննարկել են նաև այս հարցը, փոխվարչապետերի բանակցությունները շարունակվելու են, թե երբ, չի հստակեցնում. - «Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են, տևական ժամանակ է, որ բանակցային գործընթացի մեջ ենք գտնվում, դեռ գտնվելու ենք, որովհետև Ադրբեջանը պարբերաբար որոշակի թեզեր է հնչեցնում, ակնկալիքներ ունի որոշակի, որոնք Հայաստանի կողմից անընդունելի են և Հայաստանն, ըստ էության, ֆիքսել է իր կարմիր գծերն, այսինքն՝ մենք գտնվում ենք բանակցային գործընթացում»:

Պետք է ակնկալենք, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները միս ու արյուն կստանան արդեն փոխվարչապետերի հանձնաժողովի տիրույթում, ասում է Հոնվհաննիսյանը։

Փաշինյան - Ալիև- Պուտին Սոչիի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն ու կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք առաջնորդները համաձայնության են եկել: Նման հայտարարություն առայժմ չկա։

«Ըստ էության համաձայնություն ձեռք չի բերվել այս պահին, բայց, բնականաբար, բանակցությունները շարունակվելու են, որովհետև մեր գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է», - նշեց ՔՊ-ի քարտուղարը:

Սոչիում եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հրապարակային հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չօգտագործեց, Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հաջորդ օրն անգամ տեսակետ հայտնեց, թե Սոչիի հայտարարությամբ «հերթական անգամ հերքվում է «միջանցքի» թեզը»։ Իսկ օրեր անց արդեն ԵԱՀԿ-ի հարթակից Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը կրկին խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ադրբեջանի հրապարակային խոսույթը չի բխում բանակցային գործընթացից և այն փաստաթղթերից, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և արդեն նոյեմբերի 26-ի հայտարարություններին: Այսինքն մենք պետք է ելնենք իրավական փաստաթղթերից և այս պահին եղած իրավական փաստաթղթերն այդ հայտարարություններն են, ըստ էության, մնացածը մենք կարող ենք դիտարկել որպես քարոզչական միջոց», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Մինչ այդ մամուլն այսօր ակտիվ գրում էր, թե խմբակցության հետ հանդիպմանը քննարկել է ստորագրվելիք նոր փաստաթուղթ, Արթուր Հովհաննիսյանը կտրուկ հերքեց այս լուրերը՝ նշելով, որ ստորագրման սպասող որևէ փաստաթուղթ գոյություն չունի։

XS
SM
MD
LG