Երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է կամ առաջատար է 36 համայնքներից 25-ում, միաժամանակ պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում:
Դրանցից մեկն Արարատի մարզի Մասիսն է, որտեղ 50.6 տոկոսով հաղթել է գործող քաղաքապետ, քրեական գործով մեղադրյալ Դավիթ Համբարձումյանը, 2-րդ տեղում ՔՊ-ն է` ձայների 45.6 տոկոսով։
Մեկ այլ խոշոր քաղաք, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն է կրել, Աբովյանն է։ Այստեղ ամենամեծ թվով ձայներ է ստացել «Բարգավաճ Հայաստանը», որի թեկնածուն Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է: Նա 2019-ին դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ էր արձակվել: Աբովյանում ընտրությանը մասնակցած ավելի քան 23 հազար մարդուց ԲՀԿ-ին ձայն է տվել ընտրողների 44.4 տոկոսը, ՔՊ-ին` 35.2 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 11.5 տոկոսը, Դաշնակցությանը՝ 4.9 տոկոսը։
Վանաձորը հաջորդ խոշոր համայնքն է, որտեղ չի հաղթել իշխող կուսակցությունը: Մրցող 10 դաշինքներից և կուսակցություններից ամենամեծ թվով ձայներն այստեղ ստացել է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ ստանալով քվեների մոտ 38,6 տոկոսը, 2-րդ տեղում ՔՊ-ն է` 24.6 տոկոսով, 3-րդ տեղում` հանրության համար անհայտ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որը ստացել է ձայների 14.4 տկոսը, անցողիկ շեմը հաղաթհարել են նաև «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ թեկնածուն ընդունում է ընտրությունների արդյունքները Վանաձորում ու քիչ հավանական համարում որևէ ուժի հետ համագործակցությունըԻշխող ուժը պարտվել է նաև Ապարանում, այստեղ ևս հաղթողը անուն-ազգանունով դաշինք է` «Կարեն Եղիազարյան», որը ստացել է ընտրողների ձայների 65.1 տոկոսը, 2-րդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է` ձայների 32.5 տոկոսով։
ՔՊ-ն հաղթել է կամ առավելագույն ձայներ է ստացել էջմիածնում, Աշտարակում, Թալինում, Արտաշատում, Արարատում, Արմավիրում, Հրազդանում, Մարտունիում, Բաղրամյանում և այլ համայնքներում։
Բոլոր 36 համայնքներում ընտրությունները դիտարկած «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասում է` որոշ համայնքներում կոալիցիաների մի քանի հավանական տարբերակներ կան, և առաջիկա օրերին վերջնականապես հայտնի կլինի, թե մեկ ուժի 50+ ձայներ չլինելու պարագայում ավագանու ինչպիսի դաշինքներ կստեղծվեն. «Որ ավագանին քաղաքապետ ընտրի, պետք է ձայների կեսից ավելին, հիմա 45 տոկոս հավաքած, ենթադրենք մանդատների, չի բավարարելու, 33-ից, ենթադրենք, պետք է 17 ունենա, այն մնացածները, որոնք իրար հետ կազմում են 51 տոկոս, տեսականորեն եթե նրանք կարողանան համաձայնության գալ, 51 տոկոսով 3-4 կուսակցություն կարող է կոալիցիա կազմել, և իրենք իրենց թեկնածուին առաջադրեն իրենց շարքից»:
Ընտրողները սկսել են հավատալ, որ կարող են ազատ արտահայտել իրենց կամքը. Սաքունց
Ըստ Սաքունցի` այս ընտրությունների առանձնահատկություններից է, որ ընտրողները սկսել են հավատալ, որ կարող են ազատ արտահայտել իրենց կամքը, և մեծամասշտաբ խախտումներ չեն լինում. «Ոչ բոլոր տեղերում է, դեռ մենք այդ խախտումներն արձանագրել ենք, բայց ընտրողը արդեն ազդեցություն ունի, ընտրողի ձայնը նշանակություն ունի: Սա բազային է: Երկրորդը, որ այնուամենայնիվ, մի կուսակցությունը, որն ազգային մակարդակում իշխում է, ինքն անպայման չի, որ հաղթում է տեղական մակարդակում, որը համատարած բնույթ ուներ, այսինքն` փաստացի մի կուսակցական համակարգից արդեն անցում ենք կատարել բազմակուսակցական համակարգ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անկախ դիտորդը» տարբեր խախտումներ է արձանագրել` կուտակումներ, ուղղորդումներ. դիմել են իրավապահ մարմիններինԴժվար է առաջընթաց արձանագրել մեկ այլ՝ ՏԻՄ ընտրությունների քաղաքականացման ու կուսակցականացման հարցում։ Չնայած ընտրական բարեփոխումներից հետո անհատները չեն կարող մասնակցել ընտրություններին, և պետք է մրցեն դաշինքներն ու կուսակցությունները, այնուամենայնիվ մի քանի համայնքներում հաղթեցին այսպես կոչված` անուն-ազգանուն դաշինքները, որոնք կառուցված էին տվյալ անհատի շուրջ, ինչպես օրինակ` Ապարանում և Վանաձորում։
«Որովհետև դեռևս մենք չունենք ծրագրային պայքար, այլ ունենք անձերի միջև պայքար: Այ սա է ամբողջ խնդիրը, բայց դրա զարգացման համար էլ գործընթացը սկսված է», - նշեց նա:
Չնայած շատ համայնքներում կրկին անհատների և ոչ կուսակցությունների շուրջ ընթացած պայքարին՝ Սաքունցն անցումը համամասնական ընտրակարգին տեղին է համարում և կարծում է` այսպես ուշ թե շուտ ընտրություններն ի վերջո ամբողջովին քաղաքական կդառնան։
«Չունենալով նախորդած ժամանակահատվածում այդ քաղաքական ինստիտուտների, կուսակցությունների տեղերում ձևավորման համար նպաստավոր նման մեխանիզմը, պարզ է, որ խոշորացումից հետո միանգամից առաջին ընտրություններով քաղաքականացման մասին դժվար է խոսել», - շեշտեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը:
Այս ընտրությունների արդյունքում դիտորդների հաջորդ բացահայտումն այն է, որ Սաքունցի ձևակերպմամբ` «դեռ չի լուծվել քաղաքականության ապաքրեականացման խնդիրը». «Քրեական ենթամշակույթի կրողները, ենթադրենք, քաղաքական արենայում երբ հանդես են գալիս դաշտում, դեռևս տարանջատված չէ: Աբովյան համայնքում, օրինակ, չէ՞, մի քանի քրեական գործերով գնում էր, ընդհանրապես իր բառապաշարով և այլն»:
Հաջորդ օրինակը Մասիսից է, այնտեղ ընտրված Դավիթ Համբարձումյանը հիմա էլ անցնում է քրեական գործով, մեղադրվում է 2018-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանց մասնակցելու հոդվածներով, գործը դատարանում է։