Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը կիրակի օրը «Միլիեթում» հրապարակված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան Ուկրաինային «Բայրաքթար» դրոններ է մատակարարում գործարքի պահանջների գրաֆիկին համապատասխան, և որ նոր առաքումները որևէ կապ չունեն Ռուսաստանի առարկությունների հետ։ Նա ընդգծել է` Ուկրաինային «Բայրաքթարների» նոր խմբաքանակի վաճառքը կապ չունի ռուս-ուկրաինական լարվածության հետ։
«Մենք Ուկրաինային շատ դրոններ ենք վաճառել։ Այնպես չէ, որ հիմա դրոններ ենք վաճառում, երբ լարվածություն կա Ռուսաստանի հետ։ Դա գործընթաց է։ Փաթեթային համաձայնագրեր կան, որոնք ի սկզբանե քննարկվել են, և դա որևէ կապ չունի վերջին զարգացումների հետ»,- ասել է Իսմայիլ Դեմիրը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել էր այդ խնդրին։
Դեկտեմբերի 3-ին կայացած այդ հեռախոսազրույցի մասին Կրեմլը հաղորդել էր․ «Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Կիևը շարունակում է ապակառուցողական գիծը՝ ուղղված Մինսկի համաձայնությունների խաթարմանը։ Այդ մասին է վկայում հակամարտության գոտում Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, ներառյալ «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերի կիրառումը։ Ընդգծվել է անհրաժեշտությունը, որպեսզի Կիևը հրաժարվի Դոնբասի վրա ուժային ազդեցության ցանկացած փորձերից», - նշված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունում։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը Մոսկվայում ասել է, թե կոչնչացնեն թուրքական «Բայրաքթարները», եթե Կիևը փորձի դրանց միջոցով հարվածել Դոնբասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեռախոսազրույց՝ Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև«Առայժմ դրանք գտնվում են անվտանգ հեռավորության վրա, բայց ցանկացած հնարավորության դեպքում «Բայրաքթարները» կոչնչացվեն»,- ասել է նա Մոսկվայում բնակող հայրենակիցների հետ երեկ կայացած հանդիպմանը։ Նրա խոսքով` Դոնեցկի հակաօդային պաշտպանության համակարգն արդիականացնելու ներուժ ունի` թուրքական «Բայրաքթարներին» դիմակայելու համար։
«Ուկրաինայի կողմից «Բայրաքթարների» գնումների ֆոնին` մենք իրավունք չունենք տեղում կանգնած մնալ ու չարձագանքել։ Ուսումնասիրում ենք` որտեղից ինչ կարելի է գնել» - ասել է նա ռուսական «Ինտերֆաքսին»։
Նա նշել է, որ մինչ հիմա հարվածային «Բայրքաթարի» կիրառման մեկ փաստ է արձանագրվել, միաժամանակ ասելով, թե հետախուզական նպատակներով Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքի վրա թռիչքները պարբերաբար իրականացնում են, չնայած Մինսկի համաձայնագրերով թույլատրվում են միայն ԵԱՀԿ դիտորդների դրոնների թռիչքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բայրաքթար»-ների մասին տեղեկությունն է՛լ ավելի է սրել իրավիճակը Դոնբասի շուրջԿիևը դեռ երկու տարի առաջ գնել ու փորձարկել էր թուրքական «Բայրաքթար» հարվածային դրոնները։ Այս տարվա աշնանը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնեց, որ հոկտեմբերի 26-ին «Բայրաքթարը» Դոնբասում առաջին անգամ կիրառվել է ռուսամետ անջատականների դեմ։ Հրապարակված տեսանյութը ցույց էր տալիս, թե ինչպես է նշանառության տակ վերցվում և ոչնչացվում հրետանային մեկ մարտկոց։
Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարները՝ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկն անցած շաբաթավերջին են ժամանել Մոսկվա։ Այցի ընթացքում նրանք անդամակցել են Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։ Կուսակցական տոմսերը նրանց հանձնել է «Եդինայա Ռոսիայի» նախագահ Դմիտրի Մեդվեդևը։