Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Ուկրաինա


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարն այսօր երկօրա աշխատանքային այցով մեկնում է Ուկրաինա։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Մևլութ Չավուշօղլուն Լվովում մասնակցելու է թուրք-ուկրաինական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի հերթական նիստին, որի ընթացքում երկու երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունները քննարկելու են հաջորդ տարեսկզբին Կիևում նախատեսված՝ Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ Լվովում Չավուշօղլուն այցելելու է նաև հուշահամալիր՝ «հարգելու ուկրաինացի զինվորականների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել ռուսական ագրեսիայից Ուկրաինան պաշտպանելիս»։

Այցի նախաշեմին Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կրկին հայտարարել է, թե Անկարան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից։ «Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սա հստակ է, և մենք չենք թաքցնում այս դիրքորոշումը», - ասել է թուրք պաշտոնյան։

Չնայած ռուս-թուրքական ջերմ հարաբերություններին՝ Կիևն ի դեմս Անկարայի վստահելի դաշնակից ունի ոչ միայն Ղրիմի, այլ նաև ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Երկու երկրները ընդամենը մեկ շաբաթ առաջ են ստորագրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր։

Հաջորդ փուլում Թուրքիան և Ուկրաինան նախատեսում են «Բայրաքթար»-ների համատեղ արտադրություն։ Մինչ այդ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով` Կիևն այս պահի դրությամբ իր զինանոցում արդեն 12 թուրքական «Բայրաքթար» ունի, առաջիկայում պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Բացի այդ, Ուկրաինան Թուրքիայից գնում է նաև ռազմական կարճալիք ռադիոկայաններ, գիշերային տեսանելիության սարքեր և այլ տեխնիկա։

Թուրքիան նաև առաջիններից է, որն արձագանքել է ուկրաինական իշխանությունների՝ այսպես կոչված «Ղրիմյան հարթակ» ձևավորելու առաջարկին։ Այս նախաձեռնությամբ Կիևը փորձում է համակարգել միջազգային ջանքերը Ղրիմը Ուկրաինայի կազմ վերադարձնելու ուղղությամբ։ Ի պատասխան այս նախաձեռնության՝ պաշտոնական Մոսկվան սպառնում էր արձանագրել այդ հարթակի մասնակիցներին և համապատասխան եզրահանգումներ անել, սակայն այս հայտարարություններից հետո էլ Թուրքիան շարունակաբար պնդում է, որ Ղրիմի հարցում իր դիրքորոշումն անփոփոխ է։

Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերություններում կարևոր դեր է խաղում նաև տնտեսական համագործակցությունը։ Եթե 2018 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ դոլար, ապա 2020 թվականին երկկողմ առևտրի ծավալները հասել են 5 միլիարդի։

XS
SM
MD
LG