Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պաշտպանության նախարարը փոխվում է ՊՆ-ի հակասական հայտարարությունների ֆոնին


Ալեկսեյ Ռեզնիկովը, արխիվ
Ալեկսեյ Ռեզնիկովը, արխիվ

Այսօր Գերագույն ռադան ընդունեց կառավարության մի շարք անդամների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի հրաժարականը։ Նախօրեին նա և առաջին փոխվարչապետ Ալեկսեյ Լուբչենկոն հրաժարական են տվել։ Նրանցից մեկ օր առաջ ՝ նոյեմբերի 1-ին, հրաժարականի դիմումներ են ներկայացրել ժամանակավորապես օկուպացված տարածքների ռեինտեգրացիայի հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, արդյունաբերության ռազմավարական ոլորտները համակարգող փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին, իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերին հրաժարական էր տվել շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների նախարար Ռոման Աբրամովսկին:

Անդրեյ Տարանը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի մարտից: Նրա փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվելու ռեինտեգրացիայի հարցերով նախարար Ալեկսեյ Ռեզնիկովը, ով իր զբաղեցրած պաշտոնից հրաժարական է տվել պաշտպանական գերատեսչությունը գլխավորելու համար։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին նրա թեկնածությունը այսօր առաջադրել է և անձամբ է ներկայացնելու նրան Գերագույն ռադայի հաստատմանը:

Նախօրեին «Ժողովրդի ծառա» իշխող ուժի խմբակցությունը նիստ էր գումարել ու հավանություն տվել Ռեզնիկովի նշանակմանը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Ռեզնիկովը նաև գլխավորում է ուկրաինական կողմի պատվիրակությունը Դոնբասի հակամարտության կարգավորման շփման խմբում։

Անդրեյ Տարանի հրաժարականի տարբեր պատճառաբանություններ են նշում, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված, ավելի վաղ իշխող ուժի խմբակցության փոխնախագահ Եվգենի Կրավչուկն ասել էր, թե Պաշտպանության նախարարությունում խնդիրներ կան կապված գնումների հետ։

Ամեն դեպքում նրա հրաժարականը տեղի ունեցավ պաշտպանական ոլորտում տեղ գտած որոշ հակասական հայտարարությունների ֆոնին։ Մասնավորապես՝ Դոնբասում թուրքական «Բայրաքթար» կիրառելու մասին հակասական հայտարարություններ էին տարածել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ու պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանության նախարարությունը չէր հաստատել նաև արևմտյան մամուլի հրապարակումները, որ ռուս-բելառուսական «Զապադ- 2021» զորավարժություններից հետո Ռուսաստանը ստորաբաժանումները հետ չի քաշել, այլ կենտրոնացրել է Ուկրաինայի սահմանին, հրապարակվել էին նաև տեսանյութեր, արբանյակից արված լուսանկարներ, բայց Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հետախուզության գլխավոր վարչությունը ռուսական հավելյալ ստորաբաժանումների, սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի տեղաբաշխումներ Ուկրաինայի սահմանի մոտ նոյեմբերի 1-ի դրությամբ չի արձանագրել։

Սակայն արդեն երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը արդեն հանդես եկավ այլ հայտարարությամբ։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Լեոնիդ Մատյուխինն ասաց, որ երկրի սահմանների մոտ Ռուսաստանը 90 հազարանոց զորք է տեղակայել։

«Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով 2021 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ մեր սահմանի մոտ և ժամանակավորապես օկուպացված տարածքներում Ռուսաստանի Դաշնությունը կուտակել է զորքեր, որոնց թիվը կազմում է 90 հազար զինծառայող», - հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, նշելով, որ այս տարվա երկրորդ կիսամյակում Ռուսաստանը արևմտյան շրջաններում մի շարք լայնածավալ զորավարժություններ է անցկացվել, որից հետո 41-րդ բանակի ստորաբաժանումները մնացել են Սմոլենսկի մարզի Ելնյա քաղաքի հարևանությամբ՝ Ուկրաինայի պետական սահմանից 260 կիլոմետր հեռավորության վրա։

Գներալ Մատյուխինը նշել է, որ «Ռուսաստանը պարբերաբար դիմում է զորքերի տեղափոխությունների և կուտակումների պրակտիկայի՝ տարածաշրջանում լարվածությանը և հարևան պետությունների վրա քաղաքական ճնշումը պահպանելու նպատակով»։

Ռուսաստանը հերքում է Ուկրաինայի սահմանի մոտ զորքեր կուտակելու մեղադրանքները: Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ասուլիսում ասել է, թե դա իրականությանը չի համապատասխանում, նրա խոսքերով, դա ամերիկյան լրատվամիջոցների նոր թարմ ֆեյք-արշավ է։

Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե երկրի տարածքում ռազմական տեխնիկայի ու զինվորական ստորաբաժանումների տեղաշարժերը բացառապես Մոսկվայի գործն է։

XS
SM
MD
LG