«Չի հաջողվում համաձայնություններ ձեւակերպել», - անդրադառնալով փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը՝ «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հույս ունի, որ առաջիկայում կհաջողվի որոշումներ ընդունել տրանսպորտային հաղորդակցության միջոցների ապաշրջափակման վերաբերյալՉնայած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, բայց այսօր ոչ միայն հայտարարություն չի սպասվում, այլև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը եւս մեկ հանդիպման մասին է հաղորդում։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին, առաջիկա օրերին փոխվարչապետերի՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի։ «Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», - մասնավորապես տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ երեկվա հանդիպումից հետո «այսօր հայտարարություն չի նախատեսվում»Երեկվա նիստի օրակարգը չեն բացահայտում, չեն հստակեցվում նաև հաջորդ հանդիպման օրն ու վայրը։
Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հրապարակային հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ոչ մի բառ չասաց, բայց մեկ օր անց անցավ նույն հռետորաբանությանը, նույնիսկ պնդեց, որ ծրագիրն իրականություն է դառնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը և Էրդողանը կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասինԱրդյոք համաձայնության չգալու պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։ Արմեն Գրիգորյանը հարցին ուղիղ պատասխան չտվեց, բայց ասաց՝ եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը պնդում է՝ եթե լինի ապաշրջափակում, կլինի միմիայն ճանապարհների ինքնիշխանության տրամաբանությամբ. - «Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը։ Պատրաստ ենք նաև քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել։ Ճանապարհային այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի Ադրբեջանի տարածքը օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, և նաև այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատելու համար։ Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի հայտարարության, հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության [շրջանակներում], որտեղ որևէ խոսք միջանցքի մասին չկա և չի էլ կարող լինել»։
Հարցին, թե այդ դեպքում ինչու համաձայնության չեն գալիս, Գրիգորյանը պատասխաստանեց. - «Ինչպես միշտ, Հայաստանը այս առումով կոնստրուկտիվ է և պատրաստ է քննարկումները առաջ տանել։ Կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ տանել»։
«Փոխվարչապետերի հանդիպման արդյունքների մասին չի հայտարարվում, որովհետև Ադրբեջանը միջանցքի հարցը պնդում է». - քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ հարցը փակված չէ, ինչպես հայաստանցի պաշտոնյաններն են պնդում։
Բաղադասարյանի խոսքով, Ադրբեջանին ճանապարհներ պետք չեն, նրանց պետք է միջանցք, որպեսզի հսկողություն ունենան տարածքի նկատմամբ։ Ըստ նրա, բանակցությունները ավելի հավանական է, որ մի միջանկյալ տարբերակի շուրջ ընթանան. փաստացի ռուսական վերահսկողություն լինի ճանապարհներին. - «Ճանապարհները, որ անցնելու են Հայաստանի տարածքով, այդ տարածքները դե յուրե մնան Հայաստանի լիակատար ինքնիշխանության տակ, բայց դե ֆակտո Հայաստանը էնտեղ որևէ հարց չորոշի։ Այնինքն՝ որպեսզի Հայաստանի իշխանություններն էլ կարողանան իրենց դեմքը փրկել, ասել՝ դե տեսեք, ոչ մի միջանցք չտվեցինք, դա Հայաստան է։ Ադրբեջանի իշխանություններն էլ այնտեղ կարողանան ասել, որ դե տեսեք, էդ ճանապարհները մենք ստացանք, և էդ հատվածներում Հայաստանը որևէ իրավասություն չունի։ Ինչը, մեզ համար, կարծում եմ, անընդունելի է»։
Սոչիի եռակողմ հանդիպումից գոհ էին բոլոր երեք կողմերը, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արտգործնախարարության խոսնակն անգամ տեսակետ էր հայտնել, թե Սոչիի հայտարարությամբ «հերթական անգամ հերքվում է «միջանցքի» թեզը։
«Մեր վարչապետը ինչ ասում է, ասում է՝ մեր տպավորությամբ։ Իր տպավորությամբ էդ հարցը փակվել է, բայց Ադրբեջանը փաստորեն այլ պատկերացումներ ուներ։ Առավել ևս, Էրդողանը ասեց չէ՞, որ Ալիևը իրեն պատմել է և ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արաքսի երկայնքով, այսինքն՝ Մեղրիով երկաթուղի և ավտոմայրուղի կառուցելու վերաբերյալ։ Այսինքն՝ մենք, ցավոք սրտի, Էրդողանից և Ալիևից ենք իմանում Սոչիում ինչ է տեղի ունեցել։ Ես չգիտեմ, թե ուրիշ էլ ինչ պայմանավորվածություններ են այնտեղ եղել, որի մասին մեր հասարակությունը տեղեկացված չէ», - ասաց Բաղդասարյանը։
Քաղաքական մեկնաբանի կանխատեսմամբ, ապաշրջափակման գործընթացը երկարատև կլինի։