Եվրախորհրդի նախարարների կոմիտեն քննում է Մարտի 1-ի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռներից հետո ձեռնարկված գործողությունները

Ինչ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի իշխանությունները 2008-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներից հետո, այս հարցը մինչև վաղը քննելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն։ Երեկվանից մեկնարկած եռօրյա քննության նպատակն է պարզել, թե Եվրոպայի խորհրդի անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանն ինչպես են արձագանքել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին և հանձնարարականներին։

Հայաստանի դեպքում Ստրասբուրգը քննում է 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո տարբեր քրեական գործերով անցած ընդդիմադիր գործիչների, նաև առաջին նախագահի գործով Եվրադատարանի կայացրած վճիռները։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հարցերով պատասխանատուն, ծանոթանալով կառավարության ներկայացրած հաշվետվությանը, նկատում է՝ փոփոխություններն իսկապես կատարվել են։ Արմեն Խաչատրյանը նաև ընդգծում է՝ անցած տարիների վատ փորձն այլևս չի կիրառվում, երբ բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա մարդկանց դատապարտում էին, նաև հարցաքննություններն են տեսանկարահանվում, բարելավվել են դատապարտյալների պահման պայմանները։

«Իհարկե, այն հաշվետվությունը, որ ներկայացվել էր ՀՀ-ի կողմից, դրանք իրականում կան, լավացրել են դատապարտյալների պահման վայրերի որակը, սնունդը, լուսավորությունը, նախաքննության որակն ակնհայտորեն բարձրացրել է, այսինքն` ձևական առումով իսկապես ընթացակարգային կամ պրակտիկ որոշակի ռեֆորմներ տեղի ունեցել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Ստրասբուրգյան դատարանը, քննելով 13 տարի առաջ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին առնչվող բողոքները, կայացրել է մեկ տասնակից ավելի վճիռներ և սահմանել, որ Հայաստանի կառավարությունը խախտել է ընդդիմադիրների մի շարք, այդ թվում՝ խոշտանգումների, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքները։

Եվրոպական դատարանն անցած երեք տարիներին վճիռներ էր կայացրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա թիմակից Դավիթ Մաթևոսյանի, առաջին նախագահի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի, Աբովյան քաղաքում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի, ակտիվիստ Վարդգես Գասպարիի, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանի և այլոց գործերով՝ Հայաստանի կառավարությանը ներկայացնելով որոշակի պարտավորություններ։

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` դեռ 2020-ին Հայաստանի կառավարությունը Ստրասբուրգին տեղեկացրել է, որ Սմբատ Այվազյանի, Գրիգոր Ոսկերչյանի և Վարդգես Գասպարիի գործերով բացի արդար փոխհատուցումից, այլ հատուկ գործողությունների կարիք չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունն ուսումնասիրում է Եվրոպական դատարանի վճիռն ընդդեմ Հայաստանի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քոչարյանի փաստաբանական կողմը և ընդդիմախոսները տարբեր կերպ են մեկնաբանում Մարտի 1-ի դեպքերը

Միջազգային դատարանի առաջարկություններին ի պատասխան` Հայաստանի կառավարությունը նշել է, որ բացի փոխհատուցումներից, անցած տարիների ընթացքում ընդդիմադիր գործիչներից շատերն արդարացվել են, իսկ Մուշեղ Սաղաթելյանին խոշտանգելու դրվագով այժմ քննություն է ընթանում։ Նշվում է նաև, որ գործն առաջ չի գնում Սաղաթելյանի առողջական վիճակի պատճառով։

Ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչը, իր հերթին, նկատում է, լավ կլիներ, որ նախարարների կոմիտեն անդրադառնար նաև Սաղաթելյանի նման իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված, բայց հայաստանյան դատարանների կողմից դեռևս չարդարացված անձանց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ժողովուրդն է արդարացվել». ՄԻԵԴ-ի վճռով` խախտվել է Միքայելյանի ու Արզումանյանի հավաքների ազատությունը

ՀԱԿ-ի գնահատմամբ՝ քաղաքական հետապնդման ենթարկված դեռ շուրջ 60 գործիչ կա, որ չի արդարացվել

Մարտյան արյունալի դեպքերից հետո շուրջ 85 մարդ դատապարտվեց տարբեր հանցագործությունների համար։ Հեղափոխությունից հետո 22 ընդդիմադիր արդարացվեց, բայց արդեն տարիուկես է, ինչ գլխավոր դատախազությունը չի դիմում վճռաբեկ ատյան՝ արդարացման գործընթացները շարունակելու։ Կոնգրեսի գնահատմամբ՝ քաղաքական հետապնդման ենթարկված դեռ շուրջ 60 գործիչ կա, որ չի արդարացվել։ Գլխավոր դատախազությունից փոխանցում են՝ այդ գործերն այժմ ուսումնասիրության փուլում են։

«Վահագն Հարությանի գործով դեռևս արդարացված չի, և պահպանվում է թե բացառապես ոստիկանի ցուցմունքով դատական ակտը, հավաքի ապօրինի միջամտության փաստը, և այս նույն կոնտեքստի մեջ դեռևս մենք ունենք շարունակական խախտված իրավունքներ», - ասաց Խաչատրյանը:

Եվրոպայի խորհրդին ուղարկած իր հաշվետվության մեջ Հայաստանի կառավարությունը նաև ընդգծել է, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով սահմանվել է վնասի հատուցումը պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների դեպքում, նաև կատարվել են օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով խոշտանգումների դրույթը։ Նոր քրեակատարողական հիմնարկ է կառուցվել Արմավիրում, բարելավվել են բանտային պայմանները, հարցաքննության սենյակներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր, նաև կոնկրետացվել են ազատությունից զրկելու ժամկետները։

Հայաստանի կառավարությունը մինչև այս տարվա ապրիլ ամիսը պետք է նաև սպառիչ պատասխաններ ուղարկեր դեռևս չլուծված հարցերի վերաբերյալ։ Եվրոպայի խորհրդի հրապարակած փաստաթղթում նշվում են ուղղությունները՝ խաղաղ հավաքների անցկացում, իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ, անօրինական ազատազրկումներ և արդար դատաքննություն։ Թե Հայաստանի կառավարությունն ինչ մանրամասներ է ներկայացրել, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակից այսօր չարձագանքեցին։