Սա հայտնի ակտիվիստի երկրորդ գանգատն է ստրասբուրգյան դատարանում, որը վերաբերում է նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքին: Նա այս գործով մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Այդ գանգատով Վարդգես Գապարին պնդում է, որ խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը:
«Այդ մեղադրանքի հիմքում ընկած էին բացառապես երկու ոստիկանների ցուցմունքները, որոնք ակնհայտ սուտ էին», ասում է Գասպարիի փաստաբան Մուշեղ Շուշանյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս գործը հաղորդակցել և քննելու է հենց այս հարցերի շուրջ։ Այսինքն՝ արդյո՞ք դատաքննությունը եղել է արդարացի, արդյո՞ք կողմերի հավասարության սկզբունքը ապահովված է եղել դատավարության ընթացքում՝ հաշվի առնելով այն, որ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ինչպես նաև արդյո՞ք դիմողին հնարավորություն է ընձեռվել իր վկաներին հրավիրելու և հարցաքննելու դատավարության ընթացքում։
Գասպարին պնդում է, թե այս դատաքննության ընթացքում իր ստորագրությունն են կեղծել, իր դեմ սուտ ցուցմունքներ տվել, իր ներկայացրած ապացույցները հաշվի չեն առնվել, իսկ անազատության մեջ իր նկատմամբ եղել են խոշտանգումներ, ինչի մասին էլ բազմաթիվ նամակներ է ուղարկել մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակ, սակայն դրանք այդպես էլ օմբուդսմենին չեն հասել։
«Էստեղ առկա է ինձ բերման ենթարկելու փաստաթղթերից մեկը, որը ես չեմ ստորագրել: Անզեն աչքով երևում է, որ դա փաստաթղթերում առկա իմ բազմաթիվ ստորագրությունների հետ հակասում է: Եվ դա դատաձեռաբանական փորձաքննական կազմակերպությունը, չնայած ամենատարրական, մակերեսային դիտարկմամբ երևում ա, որ դա կեղծված ա, բայց եզրակացություն է տվել, որ դա Գասպարիի ստորագրությունն է: Մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ այդ վկա ոստիկաններին հակառակ տրվող անձիք կային, որ ներկա էին եղել ինձ Կենտրոնի ոստիկանության մոտից տեղափոխելու ժամանակ: Նրանք վկայում էին, որ փաստացիորեն դա երբ ա տեղի ունեցել, ովքեր են ինձ բերման ենթարկել: Ընդ որում, էդ չակերտավոր վկա ոստիկանները ընդհանրապես այդտեղ չկան․ այլ մարդիկ են բերման ենթարկում, այլ ժամանակ և այլն: Բայց դատարանը գտավ, որ նրանց վկայության կարիքը չկա, ինքը բավարարված էր իրա հավաքագրած վկաներով»:
Գասպարին համոզմամբ՝ դատական համակարգ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, այն եղել է գործադիր իշխանությանը ենթակա օղակներից մեկը․ - «Ամբողջ գործադիր իշխանությունը վարվում էր այնպես, ինչպես գիտեր, որ երբեք որևէ պատասխանատվություն դրա համար չի լինելու: Այնքան ինքնավստահ էին, որ երբեք որևէ մեկին իրենք հաշվետվություն չէին ներկայացնելու»։
Ե՛վ Գասպարին, և՛ փաստաբան Շուշանյանը վստահ են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչելու է արդար դատաքննության իրավունքի խախտումը։
2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների գործերով ՄԻԵԴ-ը արդեն չորս վճիռ է կայացրել՝ բոլորի դեպքում էլ վճռելով, որ դիմումատուների իրավունքները խախտվել են: