Հունվարի 1-ից ջրի մեկ խորանարդի դիմաց 180 դրամի փոխարեն սպառողները կվճարեն 20 դրամով ավելի՝ 200 դրամ։ Սակագինը, սակայն, նույնը կմնա սոցիալապես անապահով ընտանիքների համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) երեկվա որոշումը միանշանակ չի ընդունվում, սպառողները պարբերաբար բողոքում են վատ սպասարկումից, առաջարկում որակը բարձրացնելուց հետո միայն խոսել գնի բարձրացման մասին։
Դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոստացել՝ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքացիները դժգոհում են «Վեոլիա ջրի» աշխատանքիցՋրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանն «Ազատության» հետ զրույցում նկատում է՝ այս ոլորտում ամենակարևոր հարցը պաշտոնապես հայտարարված 80 տոկոս ջրային կորուստներն են․ որքան շատ են կորուստները, այնքան սակագինը բարձր է, կարծում է ջրային ոլորտի մասնագետը՝ ընդգծելով՝ ըստ պայմանագրի, «Վեոլիա ջուր» ընկերության ներդրումների արդյունքում կորուստները պետք է նվազեին։
«Ես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք 80 տոկոս ջրի կորուստն իրական թիվ է, ինչպե՞ս է նվազելու այդ ջրի կորուստը, ի՞նչ միջոցառումներ, ի՞նչ ծրագրեր, ի՞նչ ներդրումներ են իրականացվում ջրի կորուստը պակասեցնելու համար, և ընդհանրապես, ես որպես մասնագետ, ճիշտ չեմ գտնում, էսպես ասեմ՝ 80 տոկոս ջրի կորուստը հավաստի թիվ չէ։ Ավելի շատ չէ, մենք գիտենք, որ որքան շատ կորուստ է ցույց տրվում, այնքան դա ազդում է սակագնի վրա՝ դեպի մեծացում», - ասաց Գաբայանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՎԾ․ Հովիկ Աբրահամյանի և իր եղբոր ընտանիքների ջերմոցները 15 տարի ջրվել են ապօրինի խողովակներովՋրի սակագինը վերանայելու հայտ ներկայացնելու հնարավորություն «Վեոլիա ջրին» պետության հետ կնքված պայմանագիրն է ընձեռում, ամիսներ առաջ ասել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Պաշտոնյան պարզաբանել էր նաև՝ որպես սակագինը բարձրացնելու հիմք «Վեոլիա ջուրը» նաև էլեկտրաէներգիայի թանկացումն ու սղաճն է ներկայացրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խմելու ջրի սակագինը կարող է 20 դրամով բարձրանալ «Վեոլիա ջուր» ընկերությունը 2017 թվականից 15 տարով ստանձնել է Հայաստանի ողջ տարածքում միասնական օպերատորի պարտականությունները: Դրանից առաջ էլ շուրջ 10 տարի կառավարել է մայրաքաղաքի ջրմուղկոյուղին։Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահի խոսքով՝ ընկերության հետ պայմանագրում կա սակագնի փոփոխման կոր։ Ժամանակի ընթացքում ներդրումների արդյունքում այդ կորը պետք է դեպի նվազում գնար, ասում է Գաբայանը։
«Մենք այստեղ պետք է խոսենք թվերով․ մենք ունենք 80 տոկոս կորուստ, ինչպե՞ս է հիմնավորված այդ 80 տոկոս կորուստը, արդյո՞ք ճիշտ է հիմնավորումը, թե՞՝ ոչ, ի՞նչ է արվում այդ 80 տոկոս կորուստը նվազեցնելու ուղղությամբ, որի արդյունքում կունենանք սակագնի նվազեցում», - ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահը։
Ավելի վաղ ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը չէր պատասխանել և՛ կատարած ներդրումների չափի, և՛ ջրի կորուստների մասին «Ազատության» հարցմանը։ Ջրային ոլորտի մասնագետն ընդգծում է՝ ընկերության հետ կնքված պայանագիրը շատ խոցելի դրույթներ ունի, որոնք կարիք կար փոփոխելու՝ պայմանները առավել նպաստավոր դարձնելու համար։
Ջրային կոմիտեի նախկին նախագահը իր պաշտոնավարման ընթացքում առնանձնացրել է դրանցից մի քանիսը՝ առաջինը կորուստներն են, երկրորդը՝ ջրահեռացման համակարգի խնդիրները։ Գաբայանն ասում է, որ սակագնի մեջ ներառված է նաև ջրահեռացման վճարը, մինչդեռ կոյուղաջրերի մաքրման գործընթաց չի արվում՝ չհաշված որոշ տեղերում մեխանիկական մաքրումը։