Թեև պետությունն այլևս սուբսիդիա չի տրամադրի «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց գործող սակագինը չի բարձրանա: Այժմ մեկ խորանարդ մետրի համար «Վեոլիա ջուրը» ստանում է 180 դրամ՝ գումարած 11 դրամ պետական սուբսիդիա:
«2020 թվականի հունվարի 1-ից հանձնաժողովի կողմից արդեն սահմանվեց գումարային 180 դրամը: Այսինքն բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Հենց «Վեոլիան» է դիմել հանձնաժողով ջրի սակագինը փաստացի էժանացնելու համար: Ի դեպ, նույն ընկերությունը անցած տարի առաջարկել էր գործող 191 դրամ սակագնին ևս 14 դրամ ավելացնել: Ստացվում է, որ այս առաջարկից մեկ տարի անց «Վեոլիան» որոշել է 24 դրամ ավելի էժան ջուր վաճառել։
Անցած տարի սակագնի փոփոխություն չեղավ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության միջամտության շնորհիվ։ Նախարարությունը բաժանորդների սոցիալական բեռը թեթևացնելու համար ընկերությանը այլնտրանքային ֆինանսավորման եղանակ էր առաջարկել։ Ջրային կոմիտեն համաձայնել էր սույնով պայմանավորված ընկերության եկամտի կորստի չափով ներդրումային պարտավորությունները նվազեցնել ու հետաձգել։
Արդյունքում նախորդ տարի հաստատվեց 191 դրամ սակագինը, որից 11-ը պետությունն է տրամադրում։
Ջրի գինը փաստացի էժանացնելու, մեկ խորանարդ մետրի համար 181 դրամ սակագին սահմանելու առաջարկ «Վեոլիա ջուրը» հանձնաժողով ներկայացրել է այս տարվա օգոստոսին։
Հանձնաժողովը մոնիթորինգ է անցկացրել սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ
ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով՝ արդյունքում հանգելով այն եզրակացության, որ 2020 թվականին մեկ խորանարդ մետրի համար սակագների գումարը պետք է 180 դրամ կազմի։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նիստից հետո անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխությանը:
Բաղրամյանի խոսքով, այս պահին կարևոր է ատոմակայանի նորոգումը, և այն, թե 2020-ին ատոմակայանը քանի օր է նորոգման համար կանգնելու․ - «Գիտեք ատոմակայանը ամեն տարի նորոգման ու լիցքավորման է կանգնում, բայց վերջին երկու-երեք տարիների ընթացքում դրանք ավելի երկար կանգառներ էին՝ կապված կյանքի ժամկետի երկարաձգման հետ: Հիմա այդ աշխատանքների վերջնական գրաֆիկներն են ճշգրտվում, համաձայն որի կորոշվի, թե քանի օր է կանգնելու ատոմակայանը: Դրանից կախված՝ արդեն ամբողջ հաշվեկշիռը կունենանք, որը հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման վրա: Մոտ օրերս, արդեն ունենալով այդ հաշվեկշիռը, կարող ենք վերջնական [որոշել], ու կարծում եմ, ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույն վիճակում պահենք: Բայց դեռևս նախնական է»: