Վարչապետի հանձնարարականով ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել բոլոր ջրօգտագործող ընկերություններում: «Արտաշատ ՋՕԸ» սպասարկման տարածքում հայտնաբերվել է խողովակների ապօրինի միացումներ մի քանի կետով, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը։
ՊՎԾ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերհսկողության վարչության պետ Խաչիկ Հակոբյան․ - «Մենք նայել ենք, թե ինչ տվյալներ կան ջրօգտագործող ընկերությունում, տվյալ մասում եղել է նախկինում 17,1 հեկտարի պայմանագիր «Արտաշատ վինկոն» ընկերության հետ և 18 թվականին 4 հեկտարի պայմանագիր նույն ընկերության հետ: Երբ համապատասխան ռեեստրներով ուսումնասիրություն ենք անում, հասկանում ենք, որ գործարանը պատկանում է տվյալ ընտանիքին»:
Դեռևս չկան հստակ հաշվարկներ, թե ինչ ծավալներ են հասնում ջրի կորուստները: Վերահսկողական ծառայության նախնական գնահատակով, պետությանը պատճառված վնասը անցնում է մի քանի տասնյակ միլիոն դրամը: Ապօրինի միացումները աչքի համար տեսանելի հատվածներում են, ուստի հետաքրքվեցինք, թե արդյոք հնարավոր էր աշխատանքերն իրականացնել առանց լիազոր մարմինների հետ ունեցած պայմանավորածության:
Խաչիկ Հակոբյանը պատասխանեց․ - «Զուտ տեսականորեն ոչ, բայց թույլ տվեք զերծ մնամ ավելի մանրամասնելուց: Ջրօգտագործող ընկերությունների ուսումնասիրությունները առանձին մանրամասն ներկայացվելու են: Մենք ունենք ֆունդամենտալ առաջարկներ, թե ինչպես է այս համակարգը աշխատում, գործում, ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բոլոր խնդիրները էս պահին «Արտաշատ ՋՕԸ»-ի մասով վերհանված են, կշարունակվի մյուս ջրօգտագործող ընկերությունների մասով և համապարփակ կներկայացվի հանրությանը»:
Նախկին վարչապետի հարազատ գյուղում՝ Մխչյանում նշում էին, որ միայն լրատվականներից են տեղեկացել ապօրինության մասին, իսկ թե տարիներ շարունակ ինչպես են Աբրահամյանները ոռոգել այգիները, տեղյակ չեն։
Աբրահամյանի ընտանիքի անդամներից Մխչյանի առանձնատանը, ըստ անվտանգության աշխատակցի, ոչ ոք չկար: Ողջ օրվա ընթացքում չհաջողվեց նաև հեռախոսակապ հաստատել նախկին վարչապետի հետ:
Վերահսկողական ծառայությանը ինժեներների ներկայացրած եզրակացության համաձայն, ապօրինի միացումները կատարվել են առանց անվտանգության կանոնների պահպահման, և բարձր ճնշման պարագայում հետևանքները կարող են լինել անդառնալի։ Գողացված ջուրը եղել է «Արտաշատ ՋՕԸ»-ի հաշվեկշռում, հետևաբար տարիներ շարունակ ավելի քիչ ջուր է տրվել մյուս համայնքներին:
Հարևան գյուղերի բնակիչները, նշում են, որ տարիներ շարունակ ունեցել են ոռոգման ջրի խնդիր:
Ուսումնասիրությունները շարունակվում են նաև մյուս ջրօգտագործողների մոտ: Առաջիկայում վերահսկողական ծառայությունը կամփոփի նաև դրանք:
«Արտաշատ ՋՕԸ»-ի դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր: