Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է 1 խորանարդ մետր խմելու ջրի սակագինը 2019 թվականի համար սահմանել 202 դրամ՝ գործող 191-ի փոխարեն։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը։
Նիստը նախատեսվում է հաջորդ շաբաթ, սակայն հանձնաժողովը արդեն հրապարակում է այս թիվն ու նշում, որ սակագնի ճշգրտումը նախատեսված է «Վեոլիա Ջուր» ընկերության և կառավարության միջև կնքված պայմանագրով, որով էլ ֆրանսիական ընկերությունը 15 տարով վարձակալել է Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը։
«Վեոլիա Ջուր»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր դիմել դեռ օգոստոսին և առաջարկում էր 2019-ի հունվարի 1-ից 1 խորանարդ մետր խմելու ջրի համար սահմանել 205 դրամ սակագին։