Անպիտան զինամթերքի գնման գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպանները կալանավորումն անհիմն են համարում։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը համոզված էր՝ 3 օր տևած քննության ընթացքում իրենց ներկայացրած հակափաստարկներից հետո դատարանը պետք է մերժեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։ Հովհաննիսյանի խոսքով՝ դատարանն անգամ չի հիմնավորել Դավիթ Տոնոյանի առնչությունը մեղադրանքին։
«Մեզ համար մինչև հիմա էլ անհասկանալի և զարմանալի է, թե կոնկրետ ինչի վրա պետք է հիմնվի դատարանը, որպեսզի կարողանա միջնորդությունը բավարարել՝ մեր կողմից ներկայացված այդ աստիճան փաստարկների պարագայում», - նշեց Հովհաննիսյանը:
Առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4.7 միլիոն դոլար գումարի յուրացման համար մեղադրվող Տոնոյանի պաշտպաններն այսօր նաև հաղորդագրություն տարածեցին, որում ասվում է, թե Ազգային անվտանգության ծառայության ու դատարանի՝ թերի և ոչ մասնագիտական գիտելիքների պատճառով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ազատությունն է ոտնահարվում։ Դրա հեռահար նպատակներից մեկը, ըստ պաշտպանների, պաշտպանության նախկին նախարարի հեղինակության վրա ազդելն է:
«Կրկին հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դ. Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինակ, սուբյեկտիվ և ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա», - ասված է Տոնոյանի պաշտպանների տարածած հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ը հաղորդում է ԶՈՒ-ում մոտ 4,7 մլն դոլարի չարաշահում բացահայտելու մասին, ձերբակալվել է նախկին բարձրաստիճան զինվորական
2018-ից 2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանը կալանավորված է սեպտեմբերի 30-ից։ Այդ որոշումից հետո պաշտպանական թիմն այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչը կալանքի որոշումն անփոփոխ էր թողել։
Նույն գործով անցում է նաև բանակին զինամթերք մատակարարող ընկերության տնօրեն «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ Դավիթ Գալստյանը։ Նրա կալանքը ևս երկարաձգվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իմ նկատմամբ ապօրինի հետապնդումը հովանավորում են նրանք, ովքեր չեն կարողացել բարձր գներով մատակարարումներ իրականացնել. Դավիթ ԳալստյանԳալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը պնդում է, նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում. - «Դավիթ Գալստյանի ընկերությանը մեղադրում են անորակ և ժամկետանց ապրանքի մատակարարման համար, մեղադրանքի ամբողջ էությունը դրա վրա է կառուցված, բայց մինչև այսօր չունենք անորակ կամ ժամկետանց լինելու վերաբերյալ որևէ մի տեղեկություն, որևէ փաստաթուղթ: Ավելին՝ դրա վերաբերյալ որոշակի տեղեկություններ կարող են լինել միայն փորձաքննությամբ, այն էլ նախաքննական մարմնի նախաձեռնությամբ այդ փորձաքննությունը չի կատարվել»:
Նախկին պաշտոնյային ու Գալստյանին առնչվող քրեական գործի մասին Ազգային անվտանգության ծառայությունն էր հայտնել, առանց հստակ նշելու, թե անպիտան հրթիռները որ իշխանության օրոք են գնվել։ Միայն ներկրման տարեթիվն էր նշվում՝ 2011 թվական։ Ըստ ԱԱԾ-ի, մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հրթիռների ներկրման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերյան Օհանյանը հայտարարել էր, որ իր ղեկավարման օրոք հրթիռները միայն ներկրվել են, անպիտան լինելու պատճառով, չեն գնվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեյրան Օհանյան. Անպիտան հրթիռները 2011-ին են ներկրվել, սակայն ՊՆ-ն չի գնել, քանի որ անսարքություն է հայտնաբերել
Այս քրեական գործով, ըստ ԱԱԾ-ի, անցնում են Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետը, ինչպես նաև 2009-ից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։
Վերջին օրերին մամուլում տեղեկություն է շրջանառվում է, թե անպիտան հրթիռների գործով անցում է նաև Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, սակայն պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը։ Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվում են պարզաբանել այս հարցը, հղում են անում օրենքին, թե նախաքննության տվյալները ենթակա չեն հրապարակման։