Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբանների բողոքը, որով նրանք պահանջում էին ազատ արձակել Տոնոյանին ու բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Տոնոյանն անցած ամիս էր կալանավորվել:

«Հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ներկայացվել էին մեր կողմից վերաքննիչ բողոքի մեջ, համոզված էինք, որ չնչին անգամ իրավական գիտելիքներ ունեցող անձը, ծանոթանալով դրանց, կբավարարեր բողոքը», - լրագրողներին ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց` պատրաստվում են որոշումը ստանալուց հետո «պարտադիր կարգով դա բողոքարկել վճռաբեկությամբ». «Չգիտեմ որ արտյանում, չգիտեմ մեր պետական, թե միջազգային որ դատարանում կստացվի, բայց հավաստիացնում եմ, որ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքի սահմանափակումը ոչ իրավաչափ լինելը արձանագրվելու է ոչ միանշանակ կերպով»:

Առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան չի ընդունում մեղադրանքն ու իրեն կալանվորելն անհիմն է համարում: Նրա փաստաբանները պնդում են՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Տոնոյանը չի խոչընդոտի նախաքննությանը։ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանն անցնում է բանակին անպիտան հրթիռներ գնելու քրեական գործով:

«Գնվել է, սակայն որ խոսում ենք` բյուջեից գումար է փոխանցվել, բյուջեի միջոցներն են վատնվել, նման փաստ գործում առկա չէ: Փաստացի նախկինում ունեցած պարտքից հաշվանց է կատարվել, սակայն գումարի փոխանցում, հաշվից դուրս բերում, բյուջեից դուրս բերում և մատակարարի հաշվին նստեցում, նման գործարք տեղի չի ունեցել», - հավաստիացրեց նրա փաստաբանը:

Նախկին նախարարի հետ միասին այս գործող մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո»): Նրանք մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Հրթիռ, արխիվ
Հրթիռ, արխիվ

Սերգեյ Հովհաննիսյանն այսօր պնդեց, թե քրեական գործի պատճառ դարձած հրթիռները նախքան իր պաշտպանյալի կալանավորումը չեն էլ փորձաքննվել։ Նոր փորձաքննություն է նշանակվել. «Սակայն այս ամբողջ ընթացքում ինչպես պարոն Տոնոյանը, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ գտնվում են կալանքի տակ: Ստացվում է, որ այս պատճառներով ձգձգվում է անընդհատ քննությունը»:

Փաստաբանի խոսքով՝ իրենք պահանջում են արագացնել հրթիռների փորձաքննությունն ամենասեղմ ժամկետնետներում։ Այսօր դռնփակ նիստին մասնակցել է նաև նախկին նախարարը։ Ըստ փաստաբանի` Տոնոյանը ելույթ է ունեցել, իր հակափաստարկներն է ներկայացրել. «Միացավ մեր բողոքին, ամեն ինչ ընթացել էր շատ լավ: Թվում էր, թե դատարանը պետք է բողոքը բավարարի, սակայն ինչ-ինչ պատճառներով»:

Անպիտան հրթիռների քրեական գործով, ըստ ԱԱԾ-ի, Դավիթ Տոնոյանից ու Դավիթ Գալստյանից բացի, անցնում են զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ԶՈւ ավիացիայի վարչության նախկին պետը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Անպիտան հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում` 44-օրյա պատերազմի ժամանակ, փոխանցել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

XS
SM
MD
LG