Մատչելիության հղումներ

Իմ նկատմամբ ապօրինի հետապնդումը հովանավորում են նրանք, ովքեր չեն կարողացել բարձր գներով մատակարարումներ իրականացնել. Դավիթ Գալստյան


Զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը, որը հայտնի է Պատրոն Դավո մականունով, համարում է, որ իրեն անօրինական են ազատազրկել։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը բողոքարկում է կալանքի որոշումը։

«Առաջին ատյանի դատարանը ապօրինի որոշում է կայացրել, և չի եղել ո՛չ հիմնավոր կասկածի վերաբերյալ որևէ փաստական տվյալ, ո՛չ էլ կալանավորման հիմքերի հետ կապված որևէ տվյալ», - ասում է Հարությունյանը։

Դավիթ Գալստյանը կալանավորվել է փետրվարի 2-ին։ Ըստ ԱԱԾ-ի, նրա ղեկավարած ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։

Փաստաբանի խոսքով, իրենք անհերքելի ապացույցներ են ներկայացրել, որ մատակարարումները համապատասխանում են պայմանագրի պահանջներին․ - «Ըստ էության, 70-ականների հետ կապված այդ դրվագը շատ ծիծաղելի դրվագ է, որովհետև հենց գործի նյութերով, ներկայացված բոլոր ապացույցներով հերքվում է, որ 70-ական թվականների կրակոցներ են մատակարարվել։ Պարզապես մարդիկ, մասնագետ չհանդիսանալով, չեն կարողանում տարբերել կոնկրետ կրակոցի արտադրության տարեթվի և կրակոցի որոշակի դետալի վրա նշված որոշակի թվերի տարբերությունը։ Ստեղ խնդիրը դրանում է կայանում։ Այսինքն՝ մատակարարումները բացարձակ համապատասխանում են պայմանագրային պահանջներին»։

Զենքի մատակարարման չարաշահումների գործով Գալստյանից բացի կալանավորված նաև նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը։ Ազգային անվտանգության ծառայությունից չեն հայտնում, թե արդյոք գործում ներգրավված են նաև Պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։

«Եվ հենց նախաքննության տվյալներով էլ հստակ երևում է, որ Արմեն Բաղդասարյանն ընդհանրապես կապ չունի էս գործարքի հետ, ընդհանրապես չի տիրապետում էս գործարքի մանրամասներին։ Հնեց նյութերով հիմնավորվում է, որ էս ամեն ինչի ղեկավարը Դավիթ Գալստյանն է։ Պարզապես Արմեն Բաղդասարյանն էլ էս պահին ապօրինի կալանքի տակ է գտնվում», - ասաց փաստաբանը։

«Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը թե՛ նախկինների, թե՛ Փաշինյանի իշխանության օրոք զենք է մատակարարել Պաշտպանության նախարարությանը։ Բայց պատերազմից ամիսներ անց միայն Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց 2018 թվականին թույլ տրված չարաշահումների մասին։

Կալանավորված Գալստյանն այսօր հայտարարություն է տարածել, թե շահագրգիռ անձինք անմնացորդ նվիրվել են իրեն մեղավորների թոփ հնգյակում տեղավորելու իրենց բաղձալի երազանքների իրականացմանը։ Այդ «շահագրգիռ անձանց» անունները Գալստյանը չի նշել։

«Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարությանը շրջանցելու եղանակով մատակարարումների վերաբերյալ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները , ինձ հիմք են տալիս ենթադրել, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում չնայած բոլոր փորձերին, չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով և անհայտ կասկածելի եղանակներով մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել», - գրել է Գալստյանը։

Պատերազմական օրերին Պաշտպանության նախարարությունը շրջանցելով կառավարության կատարած գնումների մասին վերջին հարցազրույցում հայտարարել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ պնդելով, թե կառավարությունը մի քանի անգամ թանկ գնով զրահաբաճկոններ է գնել՝ շրջանցելով նախարարությունը։

«Ես անուններ չեմ կարող ասել։ Եթե անհրաժեշտություն լինի, Դավիթ Գալստյանն ավելի մանրամասն հետագայում հայտարարությամբ հանդես կգա», - ասաց Արմեն Հարությունյանը։

Դավիթ Գալստյանի կալանքի քննությունը դատարանը հետաձգել է մինչև երկուշաբթի։ Փաստաբանը հույս ունի, որ վերաքննիչը կբերակնի առաջին ատյանի որոշումը։

XS
SM
MD
LG