Վերաքննիչն անփոփոխ թողեց Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին արդարացնելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։

Ըստ էության, վերաքննիչը, ինչպես առաջին ատյանի դատարանը, առաջնորդվեց Սահմանադրական դատարանի որոշմամբ, որով ամիսներ առաջ հակասահմանադրական էր ճանաչվել Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանադրական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Տարեսկզբին ՍԴ որոշումից հետո առաջին ատյանը արդարացրել էր Քոչարյանին և նրա ենթականերին՝ սահմանադրական կարգի տապալման դրվագով։ Դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դատարանը նաև մերժեց Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ կա՛մ նվազեցնել նախկին նախագահի գրավի չափը, կա՛մ վերացնել գրավի կիրառումը։

Այժմ միայն կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահն ավելի քան մեկ տարի առաջ ազատ էր արձակվել կալանքից 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բաղդասարյանի, տուժող Կետիկյանի, տուժողներ Ավագյանի, Թադևոսյանի ներկայացուցիչ Սաֆարյանի, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Խուդոյանի, Ալումյանի վերաքննիչ բողոքները մերժել, Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21 թվականի ապրիլի 6-ի որոշումը թողնելով անփոփոխ», - ներկայացրեց դատավոր Նարինե Հովակիմյանը:

Արդարացման որոշումից հետո Գլխավոր դատախազությունը հայտարարել էր՝ սա չի նշանակում, որ 2008-ին մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ նախկին իշխանության ներկայացուցիչները հանցագործություններ չեն կատարել։ Նրանց պետք է նոր մեղադրանք առաջադրել, պարբերաբար հայտարարում էր գլխավոր դատախազի տեղակալ, այս գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

«Սահմանադրական դատարանի որոշման նորմը, որով նախատեսված հանցագործությունը մեղսագրվում էր ի թիվս այլնի ամբաստանյալներին, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել էր մեր դիրքորոշման համաձայն և որը նկարագրված է նրանց մեղադրանքներում և այդ արարքները այդ նկարագրությամբ ընդհուպ կարող են որակվել և պետք է որակվեին Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով», - ասաց Բաղդասարյանը:

Այսօրվա որոշումից հետո, մինչդեռ, նախկին նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, հակադարձելով դատախազությանը, նկատեց՝ սա նշանակում է, որ դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների պահանջները օրենքից դուրս են։ «Բայց ևս մեկ անգամ փաստվեց, որ նման պահանջը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Քրեական օրենսգիրքը նման հոդված չունի Սահմանադրական դատարանի որոշման ուժով, ու ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում գտնվի մեկ դատավոր, որ գոյություն չունեցող հոդվածով կարող է ինչ-որ որոշում կայացնել», - ընդգծեց Խուդոյանը:

Դատախազ Բաղդասարյանը, սակայն, մի քանի անգամ ընդգծել էր՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը անվավեր ճանաչելուց հետո Քոչարյանին ու մյուսներին պետք է մեղադրել մեկ այլ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով։ Բայց դատախազությունը արդեն իսկ սկսված դատաքննության փուլում օրենքով նման լիազորություն չունի, այս է պատճառը, որ վերաքննիչ դատարանից դատախազը խնդրել էր կասեցնել գործի քննությունը և այս հարցով դիմել բարձր դատարան։ Մյուս կողմից, դատախազը նաև վերաքննիչում էր ընդգծել՝ նախկին նախագահին և մյուսներին արդարացնելու որոշումից հետո անտեսվում են Մարտի 1-ի տուժողների իրավունքները։ Որոշման հրապարակմանը դատախազները և մարտի 1-ին տուժածների ու զոհերի ներկայացուցիչները ներկա չէին։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ որոշումն ուսումնասիրելուց հետո կքննարկեն՝ արդյոք վճռաբեկ բողոք կներկայացնեն, թե՝ ոչ։ Եթե դատախազությունը վճռաբեկ չդիմի և ուժի մեջ մտնի առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ էության, կարելի է փակված համարել մարտյան իրադարձությունների համար Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու գործը։ Այդուհանդերձ, մարտի 1-ի տասը սպանությունների և այդ օրվա հետ կապված այլ դրվագների քննությունը դեռ շարունակվում է նախաքննական մարմնում։