Ռուսաստանը չի ծրագրում որևէ մեկի վրա հարձակվել, չունի ագրեսիվ մտադրություններ․ Պեսկով

Ռուսաստանը չի ծրագրում որևէ մեկի վրա հարձակվել, ինչպես նաև չունի ագրեսիվ մտադրություններ, բոլոր հայտարարությունները հակառակի մասին սխալ են, այսօր հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Միանգամայն սխալ է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցանկացած տեղաշարժ մեր երկրի տարածքում ասոցացնել նման ծրագրերի հետ։ Դա այդպես չէ։ Ուկրաինան, հավանաբար, պլանավորում է ագրեսիվ գործողություններ Դոնբասի դեմ, այլ ոչ թե Ռուսաստանն է ծրագրում դրանք Ուկրաինայի դեմ», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Արդեն մի քանի շաբաթ է՝ Արևմուտքն ու Կիևը հայտարարում են Ուկրաինայի վրա հարձակվելու Մոսկվայի ծրագրերի մասին, իսկ Մոսկվան հերքում է, հայտարարելով, թե հակառակը՝ Կիևն է, Արևմուտքի աջակցությամբ, պլանավորում հարձակվել Դոնբասի անջատողականների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը. Դմիտրի Կուլեբա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինա լրացուցիչ սպառազինություն և ռազմական խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը, հայտնել Է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարությունում իր աղբյուրներին։ Ըստ այդ հաղորդման, Կիևին ռազմական օգնության նոր փաթեթում կարող են լինել հակատանկային համալիրներ, ականանետեր, զենիթահրթիռային համալիրներ և ռազմական ուղղաթիռներ։

Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։ CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Բայդենի վարչակազմում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի նման քայլը Մոսկվայի կողմից կարող է դիտարկվել որպես իրավիճակի լուրջ էսկալացիա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի դեմ նոր ագրեսիայի սանձազերծումը Ռուսաստանի համար լուրջ սխալ կլինի. Բլինքեն

Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ԱՄՆ հետախուզությունը հավանական է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Մոսկվան կարող է հարձակում սկսել բելառուսական տարածքից և անեքսիայի ենթարկված Ղրիմից, հաղորդել էին Bloomberg գործակալության աղբյուրները: Նշվում էին անգամ հնարավոր ժամկետներ ու գործողության ծրագրեր, մասնավորապես, ենթադրվում է, որ ներխուժմանը մասնակցելու է 100 մարդուց բաղկացած 100 խումբ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն էլ նախօրեին կարծիք էր հայտնել, որ ռուսական հարձակումը կարող է սկսվել 2022 թվականի հունվարին կամ փետրվարին:

«Վերջին երեք շաբաթվա ընթացքում իրավիճակն ավելի է վատացել։ Եթե երեք շաբաթ առաջ մենք տեսնում էինք միայն 4-րդ գվարդիական տանկային դիվիզիայի տեղափոխումը նոր մասերից սահման, այսօր դրան ավելացել են 1-ին գվարդիական տանկային բանակի այլ ուժեր: Ղրիմում էլ հայտնվել են Հարավային ռազմական օկրուգի 49-րդ, 58-րդ բանակի առանձին մասեր», - «Ազատության» Настоящее Время-ի եթերում պատմել է Conflict Intelligence Team-ի փորձագետ Կիրիլ Միխայիլովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը. Դմիտրի Կուլեբա

Կրեմլում, մինչդեռ, Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու ծրագրերը հերքում են։ Մոսկվան պնդում է, թե նախապատրաստվող ներխուժման մասին բազմաթիվ հաղորդագրություններն իրականում քողարկում են Կիևի և Արևմուտքի ագրեսիվ մտադրությունները։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի նախաշեմին Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ․ ռուսական վարկածով՝ 2008-ին վրացական կողմն էր սկսել պատերազմը՝ հարձակվելով Հարավային Օսիայի վրա։ Հնգօրյա այդ պատերազմից հետո Մոսկվան չհանեց զորքերը Վրաստանից անջատվել ցանկացող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքից, հետո էլ ճանաչեց Ցխինվալիի և Սուխումիի անկախությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան մի շարք երկրներ Ռուսաստանին կոչ են արել չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումները

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել է, որ Ուկրաինան «ցանկացած պահի» կարող է բախվել լայնածավալ ճգնաժամի, որի հետևանքով կհայտնվեն միլիոնավոր ուկրաինացի փախստականներ:

Պատրուշևն, ընդորում, նման հավանական ճգնաժամի մեջ մեղադրում է Արևմուտքին, պնդելով, թե Արևմուտքն է այսօր իրականում իշխում Ուկրաինայում, որտեղ բնակչության մի հատված պարզապես աղքատացել է, իսկ ուկրաինական հասարակությունն ընդհանրապես դարձել է իրավազուրկ։ Ուշագրավ է, որ Ուկրաինային սպասող լուրջ ճգնաժամի մասին հայտարարությունը Պատրուշևն արել է բելառուսա-լեհական սահմանի միգրացիոն ճգնաժամին նվիրված հարցազրույցում: