Մատչելիության հղումներ

Արևմտյան մի շարք երկրներ Ռուսաստանին կոչ են արել չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումները


Ռուսաստանի և Աբխազիայի դրոշները, ՌԴ զինանշանը
Ռուսաստանի և Աբխազիայի դրոշները, ՌԴ զինանշանը

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կոչ են արել չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումը և դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքներից։

Համատեղ հայտարարությունը ստորագրել են նաև Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ Նորվեգիան, Իռլանդիան և Էստոնիան, ինչպես նաև Ալբանիան, որը Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ կունենա 2022-2023 թվականներին։

«Այսօր մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը ամբողջովին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի և դրա իրականացման գործողությունների սեպտեմբերի 8-ի պայմանագրի պարտականություններն ու պարտավորությունները՝ առանց հետաձգումների դուրս բերել իր զորքերն ու անվտանգության ուժերը, չեղարկել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախության ճանաչումը և չխոչընդոտել միջազգային անվտանգության մեխանիզմի ստեղծմանը»,- նշված է օգոստոսի 4-ին ընդունված հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության պաշտոնական կայքում։

Ռուս-վրացական կարճատև պատերազմի 13-րդ տարելիցին ընդառաջ ընդունված հայտարարությունում այդ յոթ երկրները վերահաստատում են իրենց անխախտ աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Ափսոսանք են հայտնում, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը շարունակվում է խախտվել Ռուսաստանի կողմից։ Դատապարտում են Ռուսաստանի ռազմական անօրինական ներկայությունը և վերահսկողությունը Վրաստանի անքակտելի մասերի՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի վրա և վրացական այդ շրջանները բռնազավթելու քայլերը։ «Ռուսաստանի գործողությունները միջազգային օրենքի ակնհայտ խախտում է», - ընդգծված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական և ժամանակավոր անդամ յոթ երկրների հայտարարությունում։

Նրանք դատապարտել են նաև Ռուսաստանի ներկայիս գործողությունները՝ չնայած համավարակին Ռուսաստանի կողմից շարունակվող սադրանքները, ռազմական ներկայության ուժեղացումն ու ռազմական զորավարժությունները Վրաստանի տարածքում։ Սահմանային վերահսկողության ամրապնդումը, կամայական ձերբակալությունները, տեղացի բնակիչների առևանգումները, ազատ տեղաշարժի սահմանափակումները, Գալիի և Ախալգորիի շրջանների էթնիկ վրացիների նկատմամբ խտրականությունը, մայրենի լեզվով կրթության արգելումը և կոչ են արել անհապաղ ազատ արձակել Իրակլի Բեբուային և Վրաստանի մյուս քաղաքացիներին, որոնք անարդարացի պահվում են կալանքի տակ։

Մարդու իրավունքների պաշտպանության առումով հայտարարության հեղինակները վկայակոչում են Եվրոպական դատարանի մեծ պալատի կողմից այս տարվա հունվարի 21-ի որոշումը, ուր նշված է, որ Ռուսաստանը վերահսկելով Վրաստանի տարածքներ Աբխազիան և Հարավային Օսիան, պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների լուրջ խախատումների համար, ներառյալ խաղաղ բնակիչների սպանությունները, ռազմագերիների խոշտանգումները, անմարդկային ու արժանապատվությունը նսեմացնող արարքները, ինչպես նաև վրացիներին իրենց տների վերադարձը կանխելու և մարդու իրավունքների խախտումները չհետաքննելու համար:

«Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք մնում, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մարդու իրավունքների հարցերով միջազգային ոչ մի կառույցի չի թույլատրվել առանց սահմանափակումների մուտք գործել Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջաններ։ Հետևաբար մենք կոչ ենք անում անհապաղ, առանց խոչընդոտների մուտքի հնարավորության տալ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և այլ միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին։

Մենք ընդգծում ենք, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորել ռուս-վրացական հակամարտությունը, հիմնված միջազգային իրավունքի, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա», - նշված է հայտարարությունում։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում 5 մշտական անդամ կա՝ ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան ու 10-ը ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։

Մշտական անդամների մեծամասնությունը ստորագրել է հայտարարությունը։

Ռուսաստանը Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսի 25-ին, ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ավարտից հետո։ Ռուսաստանից բացի նման որոշում են ընդունել ընդամենը չորս երկիր՝ Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG