Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական խնդիրների շուրջ մտահոգությունների ֆոնին` կառավարությունն առաջարկում է նրան տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։
Արդարադատության նախարարությունը, սակայն, չի հստակեցրել, թե երբ դա տեղի կունենա։ Սաակաշվիլին արդեն 50 օր է` հացադուլի մեջ է, բժիշկներն ահազանգում են նրա առողջական ծայրահեղ վիճակի մասին։
Քաղաքական գործչին վերջերս բանտային հիվանդանոցում հետազոտած բժիշկների խումբը նրա մոտ մի շարք հիվանդություններ է ախտորոշել, այդ թվում` լյարդային անբավարարություն, զարգացող հիպոկալեմիա, ինչը կարող է հանգեցնել սրտի կանգի, սակավարյունություն, ստամոքսի արյունահոսության հավանականություն: Նախկին նախագահը համաձայնել էր դադարեցնել հացադուլը իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պայմանով, ինչը իշխանությունները մերժում են:
Սաակաշվիլին հայտարարել է, թե կտեղափոխվի Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ՝ վստահելի անձանց ուղեկցության պայմանով, այս մասին տեղեկացրել է նրա կուսակից Էկա Խերխելուիձեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանի վկայությամբ՝ Սաակաշվիլին երեկ ժամանակավորապես կորցրել է գիտակցությունը