Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 799-ով, բուժվածներինը՝ 1903-ով, գրանցվել է մահվան ևս 29 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 799-ով՝ հասնելով 332 հազար 713-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1903-ով և հասել 301 հազար 856-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 8 հազար 148 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 289 հազար 360-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 212-ի, ևս 1402 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 243 մարդ։

Արցախում՝ վարակի 63 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է հիվանդությունից մահվան 3 դեպք: 74-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր երիկամների սուր անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն, 73-ամյա տղամարդու մոտ՝ սուր շնչական անբավարարություն, պոլիօրգան անբավարարություն, 92-ամյա տղամարդու մոտ՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 90 տոկոս ախտահարում, սեպտիկ շոկ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 հազար 999 քաղաքացու հետազոտություն, որից 3 հազար 402-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։