Հայաստանում այս տարի արդեն 8 հղի է քովիդից մահացել։ Շաբաթվա սկզբին Առողջապահության նախարարությունը հայտարարեց հերթական ողբերգական դեպքի մասին. ուղեկցող հիվանդություններ ունեցող 28-ամյա կնոջ նորածինը փրկվել է, ինքը՝ ոչ:
Մորից զրկված փոքրիկը քովիդ չունի, բայց վիճակը դեռ ծանր է։ Բժիշկները համոզված են՝ այսպիսի ողբերգական դեպքերը կկանխվեն, եթե հղիները ևս պատվաստվեն։
Միշտ չէ, որ քովիդով հիվանդ հղի կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերում, ասում է մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով Առողջապահության նախարարության խորհրդատու Վրույր Գրիգորյանը։ Տասնյակ կանանց հղիության ընթացքը հսկող այս բժշկի փորձը ցույց է տալիս, որ քովիդով հղիներն ավելի հաճախ են բուժումը վերակենդանացման բաժանմունքում շարունակում, նրանց նորածինները հաճախ են թոքաբորբ ունենում, նաև քովիդով են ծնվում:
«Շատ իր հատկություններով ինքը նաև նման է հայտնի գրիպի վիրուսին, կարմրուկի վիրուսին և այլ վիրուսների, որոնք ներարգանդային կյանքում կարող են թափանցել պղտին և դառնալ հիվանդության պատճառ պտղի մոտ: Փաստ է գիտական, որ քովիդով հղիների մոտ ներարգանդային մահերը պտուղների մի անգամ գերազանցում են ոչ հիվանդ հղիների թվին», - հայտնեց նա:
«Ազատության» այցելության պահին Մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում քովիդով հիվանդ 10 հղի էր բուժվում։ Այս կանանց բժիշկները բացատրել են՝ անգամ հիվանդության թեթև ընթացքի դեպքում փոքրիկները կարող են մի շարք բարդություններով ծնվել, դրան կարող են նպաստել նաև վարակը հաղթահարելու համար ընդունած դեղերը, հիմնականում՝ հորմոն և հակաբիոտիկ։ Ու չնայած այս բացատրություններին, կանայք չեն փոշմանել, որ չեն պատվաստվել։
Միայն 10 օր առաջ ծննդաբերած 20-ամյա Մարինե Սարգսյանն էր ափսոսում, որ նախքան հղիությունը պլանավորելը չի պատվաստվել, վիրուսը թեթև չի տարել, թոքաբորբ էր ունեցել. «Թոքաբորբն է երեխու վրա ավելի շատ ազդել, որովհետև քաշը դժվար էր արդեն ավելանում, թոքաբորբս լրիվ չանցած, կարելի է ասել` քովիդը լրիվ չանցած` արդեն երեխայիս ունեցել եմ: Քովիդն էլ իր ազդեցությունը թողել է»:
Ծննդաբերելուց մի քանի օր առաջ հիվանդանոց եկած 25-ամյա Էլենը ոչ հղիությունը պլանավորելիս, ոչ էլ հղիության ընթացքում պատվաստվելու մասին չի մտածել. «Չեմ վստահում դեռ այդ աստիճանի, որ գնամ: Մի քիչ ժամանակ անցնի, փորձը ցույց կտա երևի արդեն»:
Հանրապետական ծննդատան հղի բժիշկը սեփական օրինակով է մայրանալ պատրաստվող կանանց համոզում ռիսկի չենթարկել իրենց ու փոքրիկների կյանքը, պատվաստվել, որ նաև մահացած երեխա լույս աշխարհ բերելու հավանակությունը նվազի: Բժիշկն այս թեմայով հարյուրավոր հարցեր է ստանում. «Շատ է լինում, որ հարցնում են, օրինակ, նույն պատվաստումների հետ կապված` պե՞տք է արվի, պետք չի՞ արվի: Իհարկե, միանշանակ խորհուրդ ենք տալիս, ու այն փաստը, որ ինքը հիվանդանոցում չի հայտնվի, ինձ թվում է` մեծ նշանակություն ունի»:
«Պատվաստումն անվտանգ է անգամ արհեստական բեղմնավորման՝ էկոյի միջոցով հղիանալ պատրաստվող զույգերի համար»,- ասում է պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը։ Իրենց կենտրոն դիմող զույգերին ամերիկյան ու անգլիական գիտական հետազոտություններին հղում անելով է բացատրում՝ ինչու պատվաստվել: Խոսքն ավելի քան 200 հազար հղի կանանց հետազոտության մասին է:
«Հղիներին վակցինացրել են, հետևել են, ծննդաբերել են, ոչ մի խնդիրներ, այն 10 հազարը, որոնք չեն պատվաստվել, քովիդով են հիվանդացած եղել, խնդիրներ, խնդիրներ, մահեր: Սրան ուղղակի գիտությունը պետք է հետևի, որպեսզի կյանքեր փրկվեն: Եթե մենք տգետ մարդկանց հետևից պետք է գնանք, այն ժամանակ դռները փակենք, բժշկությունը բան անենք, ով ոնց կարող է, спасайся кто может տարբերակը կդառնա», - «Ազատության» հետ զրույցում նկատեց նա:
Կենտրոնի տնօրեն Համբարձումյանը որոշում է ստորագրել՝ չպատվաստված կանանց իրենց կլինիկա չեն ընդունում, հիմքում ողբերգական ու ցավալի դեպքերն են։ Համբարձումյանը պատմեց՝ էկոյի միջոցով հղիանալ պատրաստվող կանանցից մեկը վարակվել է քովիդով, օրերով կոմայի մեջ է եղել, կյանքը մի կերպ է փրկվել, բայց երեխային կորցրել է։ Զոհված զինծառայողի մայրն էլ մեծ դժվարություններից հետո հղիացել է կրկին էկոյի միջոցով, բայց հղիության 5-րդ ամսում պտուղն արգանդում մահացել է։ Մի դեպք էլ հիշեց՝ տարիներով հղիանալու խնդիր ունեցող կինն անցել է ստուգումների բարդ ու դժվարին փուլերը, ծախսել ժամանակ ու հսկայական գումար, բայց ամենավերջին փուլում այդ ամենը ջուրն է ընկել:
«Էկոյի օրը պարզվեց, որ ծանր քովիդի մեջ է: Ուղղակի դադարեցրեցինք, բայց ինչքան դեղորայք արվեց, ինչքան ծախս եղավ, ինչքան ժամանակ գնաց, և ամբողջ արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրան կանգնեցրինք», - պատմեց նա:
Չպատվաստված կանանց կլինիկա չընդունելու որոշումից հետո ըստ տնօրենի՝ մեծ մասն արդեն պատվաստված է գալիս: Այս կանանց համոզել են պատվաստվել բժիշկների հետևյալ խոսքերը՝ պատվաստանյութը պաշտպանիչ վահան է ստեղծում կնոջ օրգանիզմում, որի տակ նաև փոքրիկն է թաքնվում։
Նույն բացատրությունները նաև Անգլիայում բնակվող Հայկանուշ Սաբելլան է տեղացի բժիշկներից լսել. «Պարզ իրենք բացատրեցին, որ եթե ես չանեմ, ես գտնվելու եմ այն ռիսկային խմբում, որ հիվանդանալու դեպքում հնարավոր է հայտնվեմ ռեանիմիացիայում և անգամ կորցնեմ կյանքս կամ երեխային նույնպես: Իրենք ասացին` մենք երկարաժամկետ հետազոտություններ ձեզ չենք կարող ներկայացնել, թե օրինակ` 5-10 տարի հետո ինձ հետ ու փոքրիկիս հետ ինչ կպատահի, այսինքն` դա էլ էր շատ մտահոգիչ ինձ համար, բայց համենայն դեպս կշեռքի հակառակ նժարին իմ կյանքն է, և իմ երեխայի կյանքը»: