Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1019-ով՝ հասնելով 331 հազար 914-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1461-ով և հասել 299 հազար 953-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 10 հազար 74 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 281 հազար 212-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 183-ի, ևս 1397 վարակակիր, ըստ առողջապահական գերատեսչության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 23 հազար 381 մարդ։
Արցախում՝ վարակի 45 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել:
Արձանագրվել է հիվանդությունից մահվան 1 դեպք՝ 82-ամյա կնոջ մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։
2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 հազար 790 քաղաքացու հետազոտություն, որից 3 հազար 339-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։