Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 982-ով՝ հասնելով 330 հազար 895-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 46 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1153-ով և հասել 298 հազար 492-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 10 հազար 870 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 271 հազար 138-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 153-ի, ևս 1394 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 23 հազար 856 մարդ։
Արցախում՝ 91 նոր դեպք
Արցախում նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր, 20 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 2 մահ:
2021-ին իրականացվել է 20 հազար 648 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 հազար 294 դեպք։