Ալիկ Գրիգորյանը կամավոր ատեստավորումը հաղթահարած 481 ուսուցիչներից մեկն է։ Արդյունքում Երևանի համար 69 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 50 տոկոսով։
Կրթության նախարարությունն արդեն ամփոփել է ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը։ Այս տարի աշխատավարձի հավելավճար ստանալու հնարավորություն ունեին 7-12-րդ դասարաններում դասավանդող մի շարք առարկաների ուսուցիչները։ Առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է Հայաստանի մոտ 38 հազար ուսուցիչներից ընդամենը 1000-ը։ Հավելավճարի համար սահմանված անցողիկ շեմը սակայն հաղթահարել է միայն 48 տոկոսը։ Ամենաբարձր արդյունքը հենց մաթեմատիկայի ուսուցիչներն են ցույց տվել՝ շուրջ 90 տոկոսը հավաքել է անհրաժեշտ միավորները։
Բողոքարկման արդյուքներով հավելավճարի իրավունք են ստացել ևս 13 ուսուցիչներ։ Թեստերը կազմած Գնահատման և թեստավորման կենտրոնից ընդունում են, որ տեխնիկական խնդիրներ են եղել։ Մաթեմաթիկայի ուսուցիչ Ալիկ Գրիգորյանի կարծիքով, առաջադրանքները բարդ չէին։
Ըստ նրա, դիմորդների միասնական քննության հարցաշարերն ավելի դժվար են։ Մանկավարժը, սակայն, ասում է՝ ավագ դպրոցում չդասավանդողների համար միգուցե խնդիրներ լինեն, նրանք հնարավոր է որոշ բաներ մոռացած լինեն. - «Բայց դե գոնե 50-60 տոկոսը ուսուցիչների, որ դպրոցում աշխատում ա, պիտի որ կարողանա»։
Մաթեմաթիկայի ուսուցչի համոզմամբ, արդեն հաջորդ տարի մանկավարժները ավելի բարձր արդյունքներ կգրանցեն քանի, որ արդեն գիտեն ինչ բնույթի հարցերի պիտի պատասխանեն։
2022-ին կամավոր ատեստավորմանը կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդվող բոլոր առարկաների ուսուցիչները։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Կրթության նախարար Վահրամ Դումանյանը։ Գործընթացի առաջին փուլում ատեստավորումը չանցածներին այժմ ոչինչ չի սպառնում, սակայն արդեն հաջորդ տարվանից անհրաժեշտ միավորներ չհավաքած ուսուցիչները պարտավորված կլինեն կրկին ատեստավորում անցնել։ Դա տապալելու դեպքում արդեն նրանց դասավանդելու իրավունքը կկասեցվի, սակայն հետագայում վերականգնելու հնարավորություն կունենան։
«Նախատեսում ենք, որ ավելի քան հինգ հազար ուսուցիչ եկող տարվա արդյունքում կստանա հավելավճար», - հայտարարեց Դումանյանը։
Հայերենից քննություն հանձնածների 41 տոկոսն է հավելավճարի արժանացել։ Վայոց Ձորի Հերհերի միջնակարգ դպրոցում դասավանդող Աստղիկ Հակոբյանը 40 տոկոս հավելավճար է ստացել։
Ըստ նրա, թեստը կառուցվածքով նման էր դիմորդների միասնական քննության հարցաշարին և շատ բարդ չէր, սակայն խնդիրներ կային. - «Էնտեղ դարձվածքների վերաբերյալ հարցեր կային։ Մի բառարանում դարձվածը ուրիշ նշանակություն ունի, մյուսում՝ ուրիշ»։
Հայոց լեզվի մասնագետը նկատում է, որ միայն գիտելիքի ստուգումը բավարար չէ ուսուցչին գնահատելու համար։ Իմանալը քիչ է, պետք է նաև մատուցել կարողանաս։
Աստղիկ Հակոբյանի տպավորությամբ, մանկավարժները հիմնականում վախով ու անորոշության զգացումով են այս գործընթացին վերաբերվում. - «Մեզ մոտ կոնկրետ խոսում ենք, քննարկում ենք, մեծ մասը հակված է այն մտքին, որ սա ճիշտ ձև չէ»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայն է. մանկարվարժների վերաբերմունքը հիմնականում բացասական է։ Ըստ նրա, կետը, թե անհրաժեշտ միավորներ չհավաքած ուսուցիչները պարտավորված կլինեն կրկին ատեստավորման գործընթացով անցնել, կարող է վանել ուսուցիչներին. - «Եթե մենք էս պատժի համակարգերը պահում ենք, ապա ուսուցիչները կշռադատելու են, փորձելու են կշռել ինչ են ստանում և ինչ են կորցնում։ Եվ շատերը գալու են էն եզրահանգման, որ կորցնելու վտանգը մեծ է։ Ու մարդը կարող է ասի՝ ավելի լավ ա, ես էդ երեսուն հազար դրամը չստանամ, քան, ասենք թե, իմ հեղինակությունը սասանվի»։
Փորձագետի համոզմամբ, նախ և առաջ անհրաժեշտ է բարձրացնել մանկավարժների բազային աշխատավարձը, հետո նոր այսպիսի ծրագիր իրականացնել, քանի որ այս պայմաններում ուսուցիչների միջև մրցակցությունը համակարգի ներսում լարվածություն կարող է ստեղծել. - «Ունենանք ուսուցիչ, որը ստանում է, ասենք, 150-200 հազար դրամ, և ունենանք ուսուցիչ, որը ստանում է 30 հազար դրամ... Եվ էս երկու ուսուցիչներն էլ աշխատեն նույն խումբ երեխաների հետ։ Արդեն մեկի լավ աշխատանքը կորսվելու է մյուսի դեմոտիվացված աշխատանքով»։
Այս գործընթացի հիմնական նպատակը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող ուսուցիչներին խրախուսելն ու մոտիվացնելն է, հայտնում են Կրթության նախարարությունից՝ չհերքելով, որ ուսուցիչների շրջանում անորոշություն ու մտավախություն, այդուհանդերձ, կա։