Կառավարությունը պատրաստվում է այս սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման, աշխատավարձի համակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկման ժամանակ:
«Հաջողությամբ ատեստավորում անցած, այսինքն՝ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա: Եվ հետագայում ես համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ և ուսուցիչների ատեստավորման համակարգ», - ասել է նա:
Կառավարության հաղորդագրության համաձայն` Փաշինյանը կարևորել է նաև ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է. «Մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով - ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու - ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը»:
Վարչապետը խոսել է նաև գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին` ասելով, որ այն, որ հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, այստեղ քննարկելու նյութ չկա: Բայց, ըստ նրա, շատ կարևոր է ունենալ համակարգ, որը կօգնի ամեն ավելացրած դրամ իրապես ծառայեցնել գիտության, իրապես գիտնականի ֆինանսավորմանը: