20 տարուց ավելի այդ դպրոցում աշխատած Ղազարյանը պնդում է, թե գյուղապետն ու մարզպետը չեն հանդուրժում իր ըմբոստ տեսակը, որովհհտև միշտ պայքարել է գյուղում ու դպրոցում տեղի ունեցող անարդարությունների դեմ:
«Ազատության» հետ նախորդ զրույցներում մարզպետն ու գյուղապետը պնդել էին, թե իրենք դպրոցի տնօրենի ընտրությունների հետ կապ չունեն: Ղազարյանն ասաց, որ իր արձանագրած մի շարք չարաշահումները՝ փաստերով հիմնավորված, ներկայացրել է վարչապետին ու Կրթության և գիտության նախարարին, բայց ոչ մի հստակ արձագանք չի ստացել:
Ասաց, որ տոներից հետո դրանք դրանք արդեն իրավապահներին կներկայացնի․ - «Չեմ պատրաստվում լռել․․․ Դատախազություն կդիմեմ: Ներկայացրել եմ վարչապետին մանրամասնորեն, որ Ձեր հանձնարարականը անտեսվում է, մարզպետը հաշվի չի նստում Ձեր հանձնարարականի հետ, գյուղապետը խաղերը շարունակում է՝ ինքը թաքնված մնալով: Ես համոզվեցի, որ և՛ Կրթության նախարարի թիկունքում և՛ վարչապետի թիկունքում օգնականները կամ օբյեկտիվորեն չեն ներկայացնում փաստերը, կամ թաքցնում են ինչ-որ բաներ»:
Ղազարյանի խոսքով, դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամները հիմնականում գյուղապետի թիմակիցներն են: Նա պնդում է, որ Երևանի թիվ 150 դպրոցի ուսմասվար Ադելինա Սահակյանին մեկ նպատակով են ընտրել՝ որպեսզի տնօրենի այն թեկնածուն [Արտուշ Հայրապետյանը], որին սատարում է գյուղապետը, հասցնի ատեստավորվել ու օրենքով սահմանված կարգով ստանձնել պաշտոնը:
Ադելինա Սահակյանը, ում մայրը Երևանի թիվ 150 դպրոցի տնօրենն է, թեև վատ բան չի տեսնում, որ մայրն ու դուստրը նույն դպրոցում աշխատեն, բայց ասում է, թե վարչապետի հայտարարությունից հետո է որոշել դուրս գալ դպրոցից ու արդեն ի՛ր հարազատ գյուղում մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին:
Նա չհամաձայնեց Սիրամարգ Ղազարյանի կարծիքին, թե ինքը դպրոցը ներսից չգիտի։․ «Եթե խորհուրդը համարել ա, որ իմ ծրագիրն ավելի լավն ա, ես դեմ չեմ կարող գնալ խորհրդին, կգամ կաշխատեմ»:
Սահակյանը նաև պնդեց, թե չի պատրաստվում իր տեղը զիջել Արտուշ Հայրապետյանին:
Երկու տարի այս դպրոցում շարունակվող մրցույթին հետևում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա, այս մրցույթում հաղթեցին մարզպետն ու գյուղապետը: Բախշյանը, իր խոսքով, հերթական անգամ համոզվեց, որ նախարար Լևոն Մկրտչյանի ասածը, թե դպրոցի անձնագիրը տնօրենի ներկայացրած զարգացման ծրագիրն է, երբեք չի գործի․ - «Այն հարցերը, որ վարչապետը վերջերս տվեց՝ ինչպե՞ս փոխել կրթության որակը, ինչպե՞ս փոխել դպրոցի կառավարումը․․․ այդ բոլոր հարցերի պատասխանը մեկն է՝ դպրոցի կառավարման ապակուսակցականացումը և ապակենտրոնացումը»: