Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի առաջին փուլին մասնակցել է հանրապետության շուրջ 38 հազար ուսուցիչներից 996-ը կամ մոտ 2.5 տոկոսը։ Գիտելիքների ստուգման թեստերի անցողիկ շեմը հաղթահարել է այս ուսուցիչների ընդամենը 47 տոկոսը։
«468 ուսուցիչ այս գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորներին կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար», - ասաց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը։
Ատեստավորման այս փուլին մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող հայոց լեզվի ու գրականության, հանրահաշվի, պատմության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ուսուցիչներ, իրենց ամենալավը դրսևորել են մաթեմատիկայի ուսուցիչները, ամենավատը՝ քիմիայի։
«Մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը մաթեմատիկա առարկայից, հաջորդը՝ ֆիզիկայից 56 տոկոսը, հաջորդը՝ հայոց լեզվից 41 տոկոսը։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է քիմիա առարկայից՝ 11 տոկոս և աշխարհագրությունից՝ 21 տոկոսի չափով», - ընդգծեց
Ծրագրի առաջին փուլին մասնակցած ու անցողիկ շեմը չհաղթահարած ուսուցիչները կունենան հնարավորություն նորից գնալու քննության ատեստավորման գործընթացի շրջանակում, որը գործադիր հաշվարկներով կշարունակվի շուրջ 3-4 տարի։ Կրթության նախարարությունը կառաջարկի նաև վերապատրաստման ծրագրեր քննության անցողիկ շեմը չհաղթահարողների համար, խնդիր կունենան այն ուսուցիչները, որոնք այդպես էլ չեն դիմի կամավոր ատեստավորվելու ծրագրին։
«Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, սա իրենց նախաձեռնությունը պետք է լինի, ոչ մի պարտադրանք չկա, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձ կրկնապատկելու, երբեմն նույնիսկ 125 տոկոսով բարձրացնելու հնարավորությունից։ Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ իրենք չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել ու աշխատանք փորձել գտնել բոլորովին այլ ոլորտներում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության նիստին մոտ 40 րոպե քննարկված ատեստավորման ծրագրի մասին հարցեր ունեին մյուս նախարարները, օրինակ, ինչպես է ստացվել որ քիմիայի ուսուցիչները այդքան վատ են հանձնել թեստը, հնարավո՞ր է թեստն է բարդ եղել։ Այն կազմվել են նույն մոտեցմամբ բոլոր առարկաների համար, վստահեցրեց կրթության նախարարը՝ խոստովանելով շատ առարկաների հետ կապված կադրերի լուրջ խնդիր ունեն։
«Ուղղակի, հավանաբար, այդ բնագավառներում մենք ունենք խնդիրներ ու գաղտնիք չէ, եթե հետևում եք, բուհերում քիմիայի մասնագիտությամբ ընդունելության արդյունքների մրցույթին, նույնիսկ անվճար տեղեր են թափուր մնում։ Այսինքն՝ անակնկալ չի, ցավոք սրտի», - ասաց Վահրամ Դումանյանը։
«Տարիներ շարունակ մենք ունեցել ենք պատկեր, որ Մանկավարժական համալսարան ընդունվել են հիմնականում այն մարդիկ, ովքեր կտրվել են կամ չեն կարողացել ընդունվել բուհեր որևէ մասնագիտությամբ։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա պետք է ասենք, որ սա անիվ է, որ անընդհատ պտտվել է և միայն այսօր է որպես այդպիսի անդրադարձ կատարվել հարցին», - նշեց կրթության փորձագետ Գոհարիկ Տիգրանյանը։
Հանրապետության՝ իրենց գիտելիքների վրա վստահ ու ամենահամարձակ ուսուցիչների կեսն անգամ չի հաղթահարել Կրթության նախարարության առաջարկած թեստերը, այս պատկերի հետևում երկար տարիների շրջապտույտ է, կարծում է կրթության փորձագետ Գոհարիկ Տիգրանյանը։ Միջին կամ վատ որակի դպրոցներն ավարտած աշակերտները ընդունվել են Մանկավարժական համալսարան ու դարձել ոչ բարձրակարգ ուսուցիչներ։
«Եթե ուսուցիչը չի կարողանում տալ բազային գիտելիքներ աշակերտին, ապա մենք խնդիր ենք հետո ունենում անցում կատարելիս։ Մենք ունենալու ենք դիսբալանս քմիկոսների, աշխարհագրագետների և այսպես գնալու է, եթե կրթությունը լավը չեղավ հանրակրթության մակարդակում», - ընդգծեց Տիգրանյանը։
Եթե կառավարությունը կարողանա, ինչպես խոստանում է հիմա, 3-4 տարվա ընթացքում հանրապետության ուսուցիչների մեծ մասի համար կազմակերպել ատեստավորման քննություն և վերջում պարզվի, որ օրինակ՝ նրանց 15 տոկոսը այդպես էլ չհամապատասխանեց նվազագույն չափանիշներին, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, հարց է բարձրացում կրթության փորձագետը, կարողանալո՞ւ է արդյոք Մանկավարժական համալսարանն ավելի լավ կադրեր պատրաստել։
«Եթե մենք հանելու ենք, մեզ պետք են լինելու ուսուցիչներ, որոնք կկարողանան գնալ և լրացնել թափուր հաստիքները։ Ես կարծում եմ, որ բավարար չափով չունենք, հետևաբար պետք է հասկանանք այստեղ մեկ այլ բան, թե ոնց գրավենք ուսուցիչների», - նշեց Տիգրանյանը։
Փորձագետի կարծիքով՝ այս շրջապտույտին վերջ տալու հնարավորությունը այլ բուհեր լավ առաջադիմությամբ ավարտած երիտասարդներին դեպի դպրոցներ գրավելն է՝ հարմար գրաֆիկով և գրավիչ վարձատրությամբ։