Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը, այսօր, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը:
Վահան Հունանյանը մանրամասնել է՝ Հայաստանը անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ։ Ընդգծելով վարչապետի և Ռուսաստանի նախագահի երեկվա հեռախոսազրույցը՝ նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:
«Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ
Հունանյանն այսօր ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ արձագանքել սահմանին տիրող իրավիճակինՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա՝ դրանք համարելով ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտում։
Ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի ճակատագիրն անհայտ է