Թուրքիան կրկին խաղաղասիրական ուղերձներ է հնչեցնում

Հուլուսի Աքարը Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ։ Փետրվար, 2021

Մինչ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ադրբեջանի դաշնակից Թուրքիայից կրկին խաղաղասիրական ուղերձներ են հնչում:

«Թուրքիան մեծ կարևորություն է տալիս կայունությանը Կովկասում և մեծ ջանքեր է գործադրում այս տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», այսյօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նա նշել է, որ թուրք զինվորականները շարունակում են իրենց ծառայությունը պատերազմից հետո ստեղծված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում՝ հետևելով հրադադարի պահպանմանը։ Թուրք նախարարը նաև ընդգծել է, որ թուրքական զինված ուժերը շարունակում են աջակցել ադրբեջանական բանակի արդիականացմանը կրթական ծրագրերով և համատեղ զորավարժություններով, ինչպես նաև օգնում են Բաքվին՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման և վերականգնման աշխատանքներում:

Հիշատակելով կես տարի առաջ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագիրը՝ թուրքական պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ համագործակցություն նախատեսող այդ փաստաթուղթը պատմական քայլ էր, որը կնպաստի ողջ տարածաշրջանի զարգացմանը. - «Այս հռչակագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ Կովկասի բարգավաճման և կայունության համար: Հայաստանը պետք է ընդառաջ գնա նախագահ Էրդողանի և Ալիևի մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքին և լավ գնահատի ստեղծված հնարավորությունները, այդ թվում՝ 6-ի հարթակի վերաբերյալ մեր առաջարկը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ցանկանում ենք սերտորեն համագործակցել Իրանի հետ Հարավային Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ». Չավուշօղլու
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո շրջանառության մեջ դրված այս նախաձեռնությունը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրների ու նրանց 3 մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ նոր հարթակի ստեղծում։

Վրաստանը հայտարարել է, որ դեմ է նախաձեռնությանը, իսկ Հայաստանը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել։

Նախօրեին Հուլուսի Աքարը հեռախոսազրույց էր ունեցել ռուսաստանցի պաշտոնակցի՝ Սերգեյ Շոյգույի հետ: Կողմերը «մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում պաշտպանական հարցերի ու անվտանգության խնդիրների, գլխավորապես Սիրիայում վերջին իրադրության վերաբերյալ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+3» հարթակի ստեղծումը հակասում է Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ազգային շահերին․ վրացի քաղաքագետ

Երեկ Ստամբուլում հանդիպել են նաև Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալն ու Անդրեյ Ռուդենկոն: Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն, դիվանագետները տարածաշրջանային մի շարք հարցերի թվում խորհրդակցություն են ունեցել նաև Հարավային Կովկասի վերաբերյալ:

Իսկ ռուսական արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ քննարկման ժամանակ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորուման համատեքստում նշվել է եռակողմ հայտարարության կետերի հետևողական իրագործման կարևորությունը: Ընդգծվել է Հարավային Կովկասի համար տարածաշրջանային համագործակցության «3+3» մեխանիզմի առաջիկա գործարկման այժմեականությունը: