Մատչելիության հղումներ

Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»


Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը տեղեկացրեց՝ այսօր ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել են սրել իրադրությունն՝ ամբողջ սահմանի երկայնքով։ Նրա խոսքով՝ մարտական գործողություններն այս պահին շարունակվում են, Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։

«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում են Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», - հայտարարեց Գրիգորյանը։

Դիմումը բանավոր է, բայց լինելու է նաև գրավոր ընթացակարգ։ «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանն օգնություն կտրամադրի, և Հայաստանը հնարավորություն կունենա վերականգնել տարածքային ամբողջականությունը», - ասաց ԱԽ քարտուղարը։

Այսօր, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել հայկական դիրքերը՝ արևելյան սահմանագոտու ուղղությամբ։

Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով, ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։

XS
SM
MD
LG