Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու. ԱԽ քարտուղար
Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում», - նշեց նա:
Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է օգնություն տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով, ավելացրեց Գրիգորյանը. «Բազմաթիվ անգամ ընդհանրապես խոսվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հանդիսանում է կարմիր գիծ Ռուսաստանի Դաշնության համար, և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը: Այս առումով մենք մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի մենք կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Ընդ որում, խոսքը միայն բանակցային մակարդակում օգնության մասին չէ, մանրամասնեց ԱԽ քարտուղարը. «Եթե բանակցային ճանապարհով հնարավոր չի լինում լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը արձագանքել է Սյունիքի սահմանային միջադեպինԹեև մայիսին ադբեջանական զինված ուժերի` Հայաստանի տարածք առաջին ներխուժումից հետո Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, իսկ վերջինս բավարար ջանքեր չգործադրեց ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ, այնուամենայնիվ շարունակելու են աշխատել նաև ՀԱՊԿ-ի հետ։
«Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք, ինչպես բազմիցս արդեն նշել ենք, ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերին դիմելու, այսինքն` միջազգային այլ գործընկերներին դիմելու, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծենք, բայց մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, գործարկել առաջնային դրանք», - շեշտեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Թեև Ադրբեջանի նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար խախտել է հրադադարը, սակայն վերջին շրջանում «սկսել է տորպեդահարել ողջ բանակցային գործընթացը, այդ թվում` ապաշրջափակման ուղղությամբ», նշեց Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա` պատճառը Սյունիքով միջանցք չստանալն է։
«Գիտեք, որ առաջին քայլերը, երբ Ռուսաստանի Դաշնության կողմից հրապարակվեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ գործողություն չի լինելու, դրան հետևեցինԿապան-Գորիս ճանապարհի հատվածների սկզբից փակումը, այնուհետև մաքսակետեր տեղադրումը, դրան հետևեցին նաև սահմանային լարումները։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է խաղաղության կամ կայունության այն գործընթացը, որն ընթանում է, ամբողջովին ապակայունացնել և տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ», - ընդգծեց Արմեն Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «15 րոպեի փոխարեն, այժմ ավելի քան 3 ժամ»․ Կապան-Ճակատենի փակ լինելու պատճառով 6 գյուղեր զրկվել են հիմնական ճանապարհիցԱԳՆ-ն կոչով է դիմում միջազգային կառույցներին
Իր հերթին արտգործնախարարությունը, նշելով, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների, կոչ է անում միջազգային գործընկերներին ՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը «հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի գործողություններին և քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերման ուղղությամբ»:
ԱԳՆ-ի գնահատականով` այս վերջին հարձակումը ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ:
ՀԱՊԿ-ից որևէ արձագանք դեռ չկա
Մարտական գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքում են, Ազգային ժողովում հիշեցրեց անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ավելացնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, որտեղ նրա հիմնական գործընկերը Ռուսաստանն է, սակայն ՀԱՊԿ-ից անգամ որևէ հայտարարություն առայժմ չի հնչել, թեև խախտվել են կազմակերպության կանոնակարգի կետերը։
«Պետք է գիտակցվի, որ այն վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե այնուամենայնիվ, այս գործողությունների մեջ միջամտություններ չլինեն, որովհետև եթե այսպես թե այնպես, եթե գործողություն է գնում, մեր զինված ուժերն իրենց առջև դրված մարտական խնդիրը պետք է լուծեն, և այդ խնդրի լուծման հետ կապված մենք բոլորս անելիք ունենք», - ասաց նա:
Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ, ՏԱՍՍ գործակալությանն ասել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Նա հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնապես չի դիմել փոխօգնության պայմանագրի համաձայն:
Երկու երկրների միջև 97թ.-ին կնքված «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագրի» 3-րդ հոդվածի համաձայն` «կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական»:
Ռազմական օգնությունը կարող է տարբեր տեսքով լինել. քաղաքագետ
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ հենց այս հոդվածին հղում անելով` Հայաստանը կարող է դիմել Ռուսաստանին՝ ստանալու ռազմական օգնություն։
«Ռազմական օգնությունը կարող է լինել զենք-զինամթերքի հրատապ մատակարարման տեսքով, կարող է լինել հետախուզական տեղեկույթի փոխանցման տեսքով` հաշվի առնելով, որ ռուսական կողմը արբանյակային մեծ ցանց ունի, և կարելի է ասել` այն ամենն, ինչ կատարվում է, ռուսները հիմա դիտում են, ինչպես ափի մեջ», - նշեց նա:
Ըստ քաղաքագետի, սակայն, ռազմական օգնությունը լայն հասկացություն է և պարտադիր չի ենթադրում ռուսական զինված ուժերի ուղղակի մասնակցություն Ադրբեջանի դեմ գործողություններին, հետևաբար պետք չէ ակնկալել, որ ռուսական զինված ուժերը կգան և դուրս կմղեն ադրբեջանական բանակի ներկայացուցիչներին Հայաստանի տարածքից: