Ադրբեջանական մաքսակետի տեղադրումից հետո Բարձրավանը փաստացի կորցրել է կապը աշխարհի հետ

Բարձրավանը երկու օր է՝ փաստացի շրջափակման մեջ է, գյուղի հիմնական՝ անցանելի ճանապարհը, որը միանում է Գորիս-Կապան ճանապարհին, վերջին օրերին չի օգտագործվում. Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում հայ սահմանապահները գյուղացիներին արգելում են երթևեկությունն այդ ուղղությամբ։ Գյուղացիներին սահմանապահները միայն ասել են, թե ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրում՝ առանց հավելյալ բացատրությունների:

«Էս վերևով ճանապարհ ունենք, բայց էս ճանապարհը ի՞նչ, մեքենաները չեն կարա գնան, հեսա մի քիչ էլ ձյունը եկավ, վերջ, պրծավ, ամեն ինչն էլ խնդիր ա էս գյուղում, մենք արդեն մնացել ենք տուպիկի մեջ», - ասաց բարձրավանցիներից մեկը:

Բարձրավանի հիմնական ճանապարհի` փակ լինելու պատճառով հացի ու շտապօգնության մեքենաները գյուղ չեն հասնում: Այսօր են միայն Բարձրավան հաց հասցրել: Գյուղացիներից մեկը, հարազատների խոսքով, շտապ բուժզննման կարիք ունի, սակայն նրան հիվանդանոց անգամ ամենագնացով է անհնար տեղափոխել: Կինն ասում է՝ վախենում են, հնարավոր է այդ ճանապարհին նրա վիճակն է՛լ ավելի վատանա:

«Վիճակ չկա, ի՞նչ վիճակ ա, ամուսինս հիվանդ պառկած ա, ավտո չկա, որ տեղափոխենք, դա վիճա՞կ ա, հեռակա կարգով դեղեր պիտի տանք, ի՞նչ անենք: Հացը, հա, բերում են, բան չունենք ասելու», - ասաց կինը:

Գյուղացիներից մեկն էլ ապրուստի միակ միջոցից է զրկվել. գառները պետք է վաճառեր, որ գոնե սնունդ առներ, ասում է՝ հիմա ոչ ոք գրունտային ճանապարհներով գյուղ չի գալիս գառներն առնելու, չգիտի՝ ինչ է անելու: - «Չգիտենք` ինչ անենք, ո՛չ աշխատավարձ ենք ստանում, ո՛չ մեկից օգնություն ունենք ստանալու, ո՛չ էլ գոնե քո ապրանքն ես կարողանում ծախես, որ գոնե հաց առնես ուտես: Ի՞նչ ասեմ, շատ դժվար ա»:

Գյուղ նաև ուսուցիչներն են մեծ դժվարությամբ հասնում: Նրանց մի մասը Գորիսից է այստեղ գալիս. գրունտային ճանապարհով գյուղ հասնելու վրա մի քանի ժամ են ծախսում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական կողմի գործողություններից Սյունիքում հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջացել․ ՄԻՊՀայ սահմանապահները արգելում են հայկական համարանիշներով մեքենաներին երթևեկել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածովԷյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը․ Փաշինյան

Մինչ այդ իշխանությունները վստահեցնում են, թե այլընտրանքային ճանապարհն են կառուցում. թե երբ այն պատրաստ կլինի, հայտնի չէ, շուրջ 10 կմ-անոց ճանապարհն ամբողջությամբ գրունտային է: Մեր նկարահանող խումբը ճանապարհի մի քանի հատվածներում արձանագրեց աշխատող շինտեխնիկան, դեռևս ճանապարհի որոշ հատվածներն են լայնացվում, հարթեցվում:

Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի` փակ լինելու պատճառով փաստացի շրջափակման մեջ են նաև Որոտան ու Շուռնուխ գյուղերը: Այսօր այդ գյուղեր չկարողացանք հասնել. Ազգային անվտանգության ծառայության սահմանապահներն արգելեցին: Պահանջում են, որ մենք գրություն ուղարկենք, որին, սակայն, կարող են պատասխանել մի քանի օր հետո:

Իրանցի վարորդները բողոքում են՝ Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար

Իշխանությունները Գորիս-Կապանի՝ ադրբեջանական հատվածին որպես այլընտրանք Տաթև-Աղվանի ճանապարհը կառուցեցին, որը բեռնատարների վարորդների համար դժվարություններ է ստեղծում: Թեև պաշտոնյաները վարչապետի մակարդակով հավաստիացնոմ են, որ այն բեռնատարների համար կիրառելի է, սակայն, տեղում իրավիճակն այլ է: Ճանապարհի մի հատվածում իրանցի վարորդներից մեկի բեռնատարն էր կողաշրջումից պրծել. ճանապարհը նեղ է, շրջադարձի ժամանակ բեռնատարը ճանապարհի եզրին էր հասել:

«Ճանապարհը փոքր ա, մի հատ ավտո գալիս ա , կանգնում ա, ավտոները մնում են, քաշելու բան չկա, ի՞նչ անենք հիմա», - դժգոհում էր իրանցի վարորդներից մեկը:

«Մենք հիմա նոր ճանապարհով ենք գալիս, որը դեռ վերջնական չէ, և շատ նեղ է, ադրբեջանական ճանապարհով չենք ուզում գնալ-գալ, որպեսզի գումար չտանք, այս ճանապարհին էլ ոչ մի օգնություն չկա, որպեսզի խնդիր լինելու դեպքում օգնեն՝ մեծ մեքենաները տեղաշարժեն», - ասաց մեկ այլ վարորդ:

Իրանցի վարորդներն ասում են՝ նոր ճանապարհից են օգտվում քանի որ Գորիս -Կապան ճանապարհով անցնելիս ադրբեջանցիներին 130 դոլար են վճարում ու 5 ժամ սպասում՝ փաստաթղթերի ու բեռի ստուգման համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանն այսօրվանից Գորիս - Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը համապատասխան քայլեր կձեռնարկի. Արմեն ԳրիգորյանԱԱԾ. Որոտանի մոտ Ադրբեջանի ոստիկանությունը իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում