Հայաստանը չմտավ Ադրբեջանի՝ միջանցքային տրամաբանության մեջ․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը չմտավ Ադրբեջանի՝ միջանցքային տրամաբանության մեջ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում Ադրբեջանի տեղադրած անցակետին։

Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հայաստանն էլ պնդում է, որ որևէ միջանցքային տրամաբանություն չի քննարկում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ, որ նաև հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահն է, օրերս հայտարարեց, որ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք. Օվերչուկ

Ադրբեջանական կողմը նախօրեին ոչ պաշտոնական աղբյուրներով տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։ Պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը և որ Հայաստանը նույնպես, ըստ անհրաժեշտության, մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը․ Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ սահմանապահները արգելում են հայկական համարանիշներով մեքենաներին երթևեկել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածով

Ռուբինյանն ընդգծեց՝ դա այն է, ինչ ուզում է Հայաստանը, Հայաստանի ուզածն է եղել միշտ և շարունակում է լինել։

«Ադրբեջանն այս ընթացքում հաճախ փորձել է տարբեր քննարկումներում ներկայացնել, թե իբր Գորիս-Կապան ճանապարհի այդ 21 կիլոմետրանոց հատվածը մեծ հաշվով իրենց տված ճանապարհն է, կամ իրենց տված միջանցքն է, որի դիմաց իրենք ուզում են ստանալ այսպես կոչված միջանցք, և թերևս վերջին զարգացումների և ֆիքսումների արդյունքն է նաև, որ Ադրբեջանը գնաց այսպիսի որոշման, ինչը, բնականաբար, որոշակի դժվարություններ առաջացնում է», - ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, Ադրբեջանի այս որոշոմը Հայաստանի համար անակնկալ չէր՝ Հայաստանը պատրաստ էր նման զարգացումների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որ վիճարկվող է. Սանոսյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմն սկսել է ճանապարհի «Էյվազլիի հատվածում հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ». վարչապետ

Ադրբեջանի այս որոշման արդյունքում որևէ բնակավայր շրջափակման մեջ չի հայտնվել և չի հայտնվելու, այլընտրանքային ճանապարհը և՛ ուղևորների, և՛ բեռնատարների համար անցանելի է և անցանելի է լինելու, ասաց ԱԺ փոխնախագահը՝ շեշտելով՝ վերջնականապես ֆիքսվում է, որ Ադրբեջանին չի հաջողվել և չի հաջողվելու որևէ միջանցքային տրամաբանություն ներմուծել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկումների և գործողությունների մեջ։

Հարցին, թե ի՞նչ ձևաչափով է այդ հարցը որոշվել, ինչ-որ հարթակում քննարկո՞ւմ է անցկացվել, որ պետք է այդ մաքսակետը տեղադրվի, Ռուբինյանը պատասխանեց՝ դա փոխհամաձայնության արդյունք չէ։

Դիտարկմանը, թե չքննարկելու դիմաց Ադրբեջանը, Թուրքիան կարող են վաղն էլ այլ սակարկելու թեմա ունենալ, ԱԺ փոխնապագահն արձագանքեց․ - «Այստեղ սակարկման խնդիր չկա, վերջին իրադարձությունների շուրջ, որևէ քննարկում չի եղել։ Ես ասում եմ շատ պարզ բան՝ Հայաստանի Հանրապետության տրամաբանությունն է եղել և տրամաբանությունն է, որ բոլոր ճանապարհները, որոնք անցնելու են Հայաստանով և Ադրբեջանով, պետք է լինեն համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի սուվերենության և ամբողջական վերահսկողության ներքո, և այդտեղ պետք է տեղի ունենա վարչարարություն համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի կողմից, սա մեր տրամաբանությունն է, մեր տրամաբանությունը չէ՛ միջանցաքային տրամաբանությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև