Մատչելիության հղումներ

Համանախագահները և նախարարները քննարկել են եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) հայտարարությամբ անդրադարձել են երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպմանը:

Համանախագահները Փարիզում առանձին հանդիպել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Նրանք շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները դեէսկալացիոն միջոցների և այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։

Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ ականազերման անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը` կողմերին կոչ անելով ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը։

Հիշեցնենք` հանդիպումը կայացել էր Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարարի հյուրընկալությամբ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։ Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին պատերազմից մեկ տարի անց՝ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, պայմանավորվել նորից հանդիպել։

Երևանն ու Բաքուն հակիրճ մանրամասներ չէին հաղորդել նախարարների հանդիպումից։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը միայն տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարությունը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ հաշվի առնելով տարածաշրջանային նոր իրողությունները։

XS
SM
MD
LG