«Սրտանց շնորհավորում եմ ձեզ և Ադրբեջանի ժողովրդին ազգային տոնի՝ հաղթանակի կապակցությամբ»։ Նման շնորհավորական ուղերձ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երեկ ուղարկել էր ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից պետության՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Այս նշանակալի օրը ընդմիշտ գրվել է Ադրբեջանի Հանրապետության փառապանծ տարեգրության մեջ՝ որպես ձեր ժողովրդի միասնականության, ամրության, անկոտրում կամքի խորհրդանիշ՝ հանուն հանրապետության ամրացման և երկրի ինքնիշխանության», - նշել էր Տոկաևը։
ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամ ցանկացած երկրի հանդեպ ագրեսիայի դեպքում մյուս անդամ պետությունները այդ երկրի խնդրանքով անհապաղ պետք է տրամադրեն վերջինիս անհրաժեշտ, այդ թվում` ռազմական օգնություն։
Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, նկատում է` Հայաստանին օգնության հասնելու պարտավորություն ունեցող երկրները բացահայտ աջակցության խոսքեր են շռայլում Ադրբեջանին:
«Պատերազմի հետ կապված, պատերազմ, որը արդար պատերազմ չէր, որն ուղեկցվեց պատերազմական հանցագործություններով զանգվածային, որևէ զարմանալի բան չկա այդտեղ, զարմանալին այլ տեղ է, թե մենք ինչպես է ստացվել, որ այդ կառույցի հետ ունենալով հարաբերություններ` սահմանափակվում ենք միայն դրանով: Այսինքն` բացարձակապես մեր շահերը մի կողմ դրած` սպասարկում ենք միայն այդ կառույցի, այդ կառույցի գաղափարախոսների շահերը», - ասաց Մեհրաբյանը:
Հայաստանի հետ նույն անվտանգային համակարգում գտնվող Բելառուսը դաշնակից պետություն Հայաստանի ղեկավարին չի զանգել, փոխարենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ու ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարամյա առճակատման ավարտը։ Նախագահները հաստատել են երկկողմ համագործակցության ռազմավարական բնույթը և քննարկել «Ադրբեջանի ազատագրված տարածքների լայնածավալ փոխշահավետ նախագծերում բելառուսական ընկերությունների մասնակցությունը»։
«Ազատության» հարցին, թե դաշնակիցների նման քայլերին ինչպե՞ս պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունները, վերլուծաբանը պատասխանեց. «Այդ նոտաներն այսպես վերբալ բնույթի քայլեր են, Հայաստանը պետք է գործնական քայլերով պատասխանի, Հայաստանը պետք է իրական դաշնակիցներ ձեռք բերի, դիվերսիֆիկացնի իր բոլոր քաղաքականությունները, պետք է ամրապնդի իր ժողովրդավարությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակամարտության լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում. ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքվում հասկացանք, որ շատ գերի կա». գերիների հստակ թիվ դեռ չկա, կան խոստումներՀայաստանի հետ անվտանգային ու տնտեսական միևնույն դաշինքներում գործող պետությունների ղեկավարները ոչ մի խոսք, սակայն, չեն ասում Ադրբեջանում պահվող հայ գերիների, նոյեմբերի 9- հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած, բայց չկատարած պարտավորությունների մասին։ Դատապարտելի են արդյոք պաշտոնական Երևանի համար դաշնակիցների այս շեշտադրումները, և առաջիկա հանդիպումների ժամանակ պատրաստվո՞ւմ են բարձրաձայնել այս հարցը համատեղ նիստերի ընթացքում, վարչապետի աշխատակազմից և Արտաքին գործերի նախարարությունից պատասխան ստանալ չհաջողվեց։
Իշխող խմբակցության պատգամավորները ևս չցանկացան մեկնաբանություն տալ այս թեմայով։