Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ հակամարտության լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում և տեղահանված արցախահայության՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում։
Ընդ որում՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը շեշտում է՝ բանակցություններ հնարավոր են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
Հայաստանը վերահաստատում է պատրաստակամությունը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղությամբ՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով, որ Ադրբեջանը ևս կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից։
Լեռնային Ղարաբաղի Արտաքին գերատեսչությունը նոյեմբերի 9-ի մեկամյակի հայտարարությունում իր հերթին ընդգծում է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Խաղաղության հաստատման անկյունաքարը, ըստ Ստեփանակերտի, Արցախի ժողովրդի արդեն իրացրած ինքնորոշման իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որտեղ արցախահայությունն ինքնորոշվել է։
Երևանը Լեռնային Ղարաբաղի տարածքների օկուպացիայի մասին այսօրվա հայտարարությունում չի հիշատակել։
Ռուսաստանը կարևորում է սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման, ապա գծման շուտափույթ մեկնարկը
Եռակողմ հայտարարության միջնորդ Ռուսաստանը փաստաթղթի ստորագրումից մեկ տարի անց կարևորում է ադրբեջանա-հայկական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման, ապա գծման շուտափույթ մեկնարկը։ Մոսկվան պատրաստակամություն է ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցությունը։ Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Ռուսաստանի արտգործնախարարությունը կարևորում է առաջին հերթին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում։
Ռուսական Արտաքին գերտեսչությունը բարձր է գնահատել ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունն ու անհրաժեշտ համարել շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկումը, «որը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի դրսևորմանը»։
Ի դեպ, Մոսկվան այսօր հայտնել է, որ այս պահի դրությամբ որևէ փոխըմբռնում չկա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամկետների հարցում, թեև ավելի վաղը Կրեմլը այս շաբաթասկզբին Ալիև-Փաշինյան-Պուտին եռակողմ տեսակոնֆերանսի հնարավորության մասին էր հայտնում։
ԱՄՆ-ը կոչ է անում ակտիվացնել ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո
Մինսկի խմբում համանախագահող մյուս երկիրը՝ Միացյալ նահանգները Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել և ակտիվացնել ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանք բոլոր չլուծված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար: Վաշինգտոնը, սակայն, չի հստակեցրել կարգավիճակի հարցը։
Միացյալ նահանգների Պետքարտուղարությունը կոչ է անում վերադարձնել բոլոր մնացյալ պահվող անձանց, ապահովել անհետ կորածների լիարժեք հաշվառումը, տեղահանված անձանց՝ իրենց տները կամովին վերադարձը, հակամարտության տարածքներում ականազերծումը։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն. Կլաար
«Չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն», - Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարելիցին եվրոպացի բարձրաստիճան հայտարարել է, թե այսօր հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում։ «Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է»,- գրել է Տոյվո Կլաարը։