Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է՝ հակամարտության լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում և տեղահանված արցախահայության՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի ապահովում։
Ընդ որում՝ Հայաստանի արտաքին գերատեսչությունը շեշտում է՝ բանակցություններ հնարավոր են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
Հայաստանը վերահաստատում է պատրաստակամությունը գործնական ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղ զարգացման դարաշրջանի բացման ուղղությամբ՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով, որ Ադրբեջանը ևս կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրացավ եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարինԼեռնային Ղարաբաղի Արտաքին գերատեսչությունը նոյեմբերի 9-ի մեկամյակի հայտարարությունում իր հերթին ընդգծում է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Խաղաղության հաստատման անկյունաքարը, ըստ Ստեփանակերտի, Արցախի ժողովրդի արդեն իրացրած ինքնորոշման իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որտեղ արցախահայությունն ինքնորոշվել է։
Երևանը Լեռնային Ղարաբաղի տարածքների օկուպացիայի մասին այսօրվա հայտարարությունում չի հիշատակել։
Ռուսաստանը կարևորում է սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման, ապա գծման շուտափույթ մեկնարկը
Եռակողմ հայտարարության միջնորդ Ռուսաստանը փաստաթղթի ստորագրումից մեկ տարի անց կարևորում է ադրբեջանա-հայկական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման, ապա գծման շուտափույթ մեկնարկը։ Մոսկվան պատրաստակամություն է ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցությունը։ Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Ռուսաստանի արտգործնախարարությունը կարևորում է առաջին հերթին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում։
Ռուսական Արտաքին գերտեսչությունը բարձր է գնահատել ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունն ու անհրաժեշտ համարել շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկումը, «որը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի դրսևորմանը»։
Ի դեպ, Մոսկվան այսօր հայտնել է, որ այս պահի դրությամբ որևէ փոխըմբռնում չկա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամկետների հարցում, թեև ավելի վաղը Կրեմլը այս շաբաթասկզբին Ալիև-Փաշինյան-Պուտին եռակողմ տեսակոնֆերանսի հնարավորության մասին էր հայտնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հանդիպման նախապատրաստումը շարունակվում է, ստույգ պայմանավորվածություն դեռ չկա․ ՊեսկովԱՄՆ-ը կոչ է անում ակտիվացնել ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո
Մինսկի խմբում համանախագահող մյուս երկիրը՝ Միացյալ նահանգները Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել և ակտիվացնել ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանք բոլոր չլուծված խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար: Վաշինգտոնը, սակայն, չի հստակեցրել կարգավիճակի հարցը։
Միացյալ նահանգների Պետքարտուղարությունը կոչ է անում վերադարձնել բոլոր մնացյալ պահվող անձանց, ապահովել անհետ կորածների լիարժեք հաշվառումը, տեղահանված անձանց՝ իրենց տները կամովին վերադարձը, հակամարտության տարածքներում ականազերծումը։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն. Կլաար
«Չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն», - Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարելիցին եվրոպացի բարձրաստիճան հայտարարել է, թե այսօր հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում։ «Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է»,- գրել է Տոյվո Կլաարը։