Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով այսօր Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ Լավրովի հեռախոսազրույցների մասին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրություններում ասված է, որ «նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության ընդունման առաջին տարվա նախաշեմին»:
Ըստ ռուսական կողմի՝ Լավրովն ու Միրզոյանն անդրադարձել են նաև «ռուս-հայկական դաշնակցային փոխգործողության հրատապ հարցերին, տարածաշրջանային և միջազգային պրոբլեմատիկայի առանձին ասպեկտների», իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել է «երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր»: