Պուտին - Փաշինյան - Ալիև եռակողմ հանդիպման շուրջ ստույգ պայմանավորվածություններ առայժմ չկան

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում կայացած հանդիպումից հետո։ 11-ը հունվարի, 2021թ

Կրեմլը հայտարարում է, որ Պուտին – Փաշինյան - Ալիև եռակողմ հանդիպում պլանավորվում է, սակայն չկա ստույգ պայմանավորածություն, թե երբ պիտի տեղի կունենա երեք առաջնորդների տեսակոնֆերանսը։

«Իսկապես, մենք հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, սակայն այստեղ ուզում եմ նշել, որ մինչ այժմ ստույգ պայմանավորվածություններ և դրան վերաբերող փոխըմբռնում, թե երբ կարող է նման տեսակոնֆերանսը տեղի ունենալ, դեռ չկա», - Այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը հայտնում է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին, Երևանը և Բաքուն դեռ չեն հաստատում

Երեկ հակասություն էր առաջացել Կրեմլի խոսնակի և Հայաստանի վարչապետի հայտարարություններում ծրագրվող եռակող հանդիպման մասին։ Նախ օրվա առաջին կեսին Կրեմլից հայտարարեցին, որ այս շաբաթ նախատեսված է անցկացնել եռակողմ հանդիպում, իսկ ռուսական պետական Россия-1 հեռուստաընկերությունը հաղորդեց, թե չի բացառվում հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման տարելիցին։

Մի քանի ժամ անց հրապարկվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնագրված հարցազրությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, որտեղ նա հակասեց Կրեմլի հայտարարությանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա։

«Բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։ Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Եվ կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին պայմանավորվածություն այդպիսի չկա», - ասաց Փաշինյանը։

Եռակողմ հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, ի՞նչ օրակարգ է ունենալու այդ հանդիպումը։ Այս հարցերով դիմեցինք Հայաստանի կառավարություն, որտեղից հայտնեցին, որ «այդ թեմայի մասին երեկ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելացնելու ոչինչ չունենք»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ի վերջո այդ հանդիպումը տեղի ունենալու է, թե ոչ։

Երեկ տված ծավալուն հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին՝ նշելով, որ բարձր է գնահատում, որ Մոսկվան հրապարակայնացրել է իր դիրքորոշումը այս հարցում։

Ապաշրջափակված բոլոր ճանապարհները շահագործվելու են պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա, անցյալ շաբաթվա վերջին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Նույն միտքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հնչեցրեց նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ադրբեջանն ու Թուրքիան սակյան ապաշրջափակման մասին խոսելիս շարունակում են կիրառել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք. Օվերչուկ

«Աշխատանքային խումբը գրել է, գծագրել է, ուսումնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները: Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, Հայաստանի Հանրապետությունը՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում և նաև ավտոմոբիլային ճանապարհներ։ Այսինքն՝ աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները, ընդ որում՝ նաև Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն հասանելիության ուղիները», - հարցազրույցում նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ Փաշինյանը կրկնեց վերջին շրջանում Երևանում հնչող տեսակետը, որ այդ ֆորմատով չի կարող քննարկվել Ղարաբաղյան հարցը, որն արդեն քննարկվում է Մինսկի խմբի շրջանակում. - «պատասխանելով հարցին, թե ինչու Երևանն առայժմ դիրքորոշում չունի Անկարայի ու Մոսկվայի առաջ մղած համագործակցության պլատֆորմի մասին. - ««3+3» հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով։ Մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը հարցը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան Հայաստանին հորդորում է միանալ «3+3» հարթակին․ Աքար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի համար առաջնային է, որ կրկնօրինակում չլինի Մինսկի խմբի համանախագահության հետ. փոխնախարարը` «3+3»-ի մասին

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով, ակնհայտ է, որ կոմունիկացիաների բացման վերաբերյալ արդեն կան սեղանին դրված մշակված լուծումներ, և առաջիկայում կստորագրվի հայտարարություն հաղորդակցության ուղիների բացման պաշտոնական մեկնարկի մասին. - «Երկրորդ փաստաթուղթը, կարծում եմ, կվերաբերի դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի մենկարկին, և գուցե նաև նշվեն որոշակի սկզբունքներ, կամ գուցե որոշակի քարտեզներ, որոնց հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիան և դեմարկացիան»։

Ու չնայած կառավարության հայտարարություններին, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը կապ չունի ղարաբաղյան հարցի հետ, և դիտարկվելու է առանձին՝ քաղաքական մեկնաբանը այստեղ միևնույն է վտանգներ է տեսնում Հայաստանի շահերի տեսանկյունից, եթե Հայաստանը հնարավոր փաստաթղթում չամրագրի, որ չի ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում և չհաստակեցնի, թե Արցախ ասելով ինչ նկատի ունի։