Մատչելիության հղումներ

«3+3» ձևաչափով Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ համատեղ գերիշխող դեր ստանձնել տարածաշրջանում. Սաֆրաստյան


ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Ազատության» տաղավարում
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Ազատության» տաղավարում

«Ազատությունը» հյուրընկալել է թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին։

«Ազատություն». - «3+3» ձևաչափն ինքնին ինչպե՞ս եք գնահատում, որ մի պլատֆորմում համագործակցեն մի կողմից Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և մյուս կողմից էլ՝ Թուրքիա, Իրան Ռուսաստան։

Սաֆրաստյան. – Այս պլատֆորմի գաղափարը, որը, ըստ էության, թուրքական առաջարկ է, նպատակ ունի Թուրքիայի կողմից շարունակելու և հասնելու որոշակի արդյունքների այն պատերազմից հետո, ես ի նկատի ունեմ 44-օրյա պատերազմը, որ Թուրքիան ըստ էության նախաձեռնեց, ղեկավարեց, և ում օգնությամբ Ադրբեջանը հասավ հաղթանակի։ Ես կարծում եմ, որ Թուրքիան, պատերազմի արդյունքում չստանալով այն, ինչին ձգտում էր, նա ձգտում էր, որ իր զինված ուժերը տեղակայվեն Արցախի տարածքի երկայնքով՝ մաս կազմելով խաղաղապահ ուժերի, այսինքն՝ ստեղվեին ռուս-թուրքական խառը խաղաղապահ ուժեր։ Չհասնելով այդ նպատակին, Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով հետ պատերազմյան շրջանում տարբեր նախաձեռնությունների միջոցով ուժեղացնել։ Որովհետև զինված ուժերի տեղակայումը, որպես խաղաղապահների, Թուրքիային պետք է հնարավորություն տար հասնել իր շատ կարևոր ստրատեգիական նպատակին՝ իր ազդեցությունը մեր տարածաշրջանում ուժեղացնելու։ Քանի որ դա չստացվեց, հիմա Թուրքիան հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնցից ամենաուշագրավը, իհարկե, «3+3» ձևաչափով նախաձեռնությունն է։ Ըստ էության ես գնահատում եմ այդ նախաձեռնությունը հետևյալ կերպ. դա Թուրքիայի կողմից առաջարկ է, որի նպատակն է բաժանել Հարավային Կովկասը Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ աշխարհաքաղաքական ազդեցության առումով։ Իհարկե, այստեղ նախատեսվում է նաև Իրանի մասնակցությունը, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ Իրանի մասնակցությունը այստեղ պետք է լինի երկրորդական։ Իսկ ի՞նչ է նշանակում բաժանել Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առումով Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Դա Թուրքիայի տեսակետից հաղթանակ կլինի, որովհետև Թուրքիան օրինական իրավունք կստանա տարածաշրջանում, ինչպես և Ռուսաստանը, հանդես գալ որպես թելադրող ուժ։ Էությունը այն է, որ փաստորեն դուրս է թողնվում այս ձևաչափով Արևմուտքը, և փաստորեն նաև Թուրքիան այդպիսով փորձում է գերիշխող դեր ստանձնել տարածաշրջանում Ռուսաստանի հետ համատեղ, շարունակել իր այդ ճնշման քաղաքականությունը Հայաստանի վրա, որը որդեգրել է պատերազմից հետո։

«Ազատություն». – Դուք ասում եք, որ ըստ էության դուրս է թողնվելու Արևմուտքը։ Հայաստանը նաև պետք է հասկանա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի լինի ղարաբաղյան կարգավորման պլատֆորմը։

Սաֆրաստյան. – Վերջնական նպատակներից մեկը այս ձևաչափի, դա է։ Եվ պատահական չէ, որ մի քանի անգամ Թուրքիան բարձր մակարդակով հանդես է եկել առաջարկներով պատերազմի ընթացքում, պատերազմից հետո, որ Մինսկի խմբի գոյությունը արդեն անիմաստ է դառնում, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է լինեն հիմնական ուժերը, որ տարածաշրջանում պետք է նրանք որոշեն զարգացումների ընթացքը, այդ թվում նաև արցախյան հիմնահարցի հետ կապված զարգացումները։ Այնպես որ, դա մեր շահերից չի բխում, որովհետև, ինչպես հայտնի է, Մինսկի խումբը դա այն ձևաչափն է, որ հնարավորություն է տալիս ամենաբալանսավորված կերպով փնտրտուքներ սկսել, եթե սկսվի Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափի աշխատանքը արցախյան հիմնահարցի վերջնական խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Եվ սա Թուրքիան շատ լավ հասկանալով, որովհետև ինքը Մինսկի խմբում բազմաթիվ անգամներ փորձ է արել սողոսկել համանախագահողների շրջանակ և հանդես գալ որպես միջնորդ, չի ստացվել՝ դրա համար Թուրքիան փորձում է այս նոր ձևաչափը առաջարկելով խնդիրները լուծել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG