Մատչելիության հղումներ

«Միջանցք կլինի մի դեպքում, երբ ՌԴ-ն վերահսկի այն». փորձագետները՝ Փաշինյանի մոսկովյան այցի մասին


Ստեփան Գրիգորյան, Թաթուլ Հակոբյան
Ստեփան Գրիգորյան, Թաթուլ Հակոբյան

«Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը չի բացառում, որ վաղը՝ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպման օրակարգում նաև միջանցքի հարցը լինի։

«Ազատության» դիտարկմանը, թե Հայաստանում միջանցք ստեղծելու մեջ Ռուսաստանը կարող է մեկ հետաքրքրություն ունենալ, այն է ստանձնել, այդ միջանցքային ճաապարհի անվտանգությունը, այսինքն՝ անվտանգային ուժեր տեղակայել Ադրբեջանից Սյունիքի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհների երկայնքով, Հակոբյանն այսպես արձագանքեց․ - «Ես համարում եմ, որ եթե իրոք լինելու է միջանցք, ապա այն լինելու է միայն մի դեպքում, եթե այդ միջանցքի ամբողջական անվտանգությունը վերապահվում է Ռուսաստանի խաղաղապահ ասեմ, թե ինչ ասեմ, թե իրենց Անվտանգության դաշնային ծառայությանը պատկանող սահմանապահ ուժեր ասեմ, չգիտեմ, ինչ կլինի, միայն այդ դեպքում եմ ես պատկերացնում նման միջանցքի գոյությունը, նման միջանցքի հնարավորությունը», - ասաց Հակոբյանը։

Փորձագետն ընդգծեց՝ դեռ ամիսներ առաջ է մտահոգություն հայտնել՝ չբացառելով, որ Ռուսաստանը շահագրգռված լինի որպեսզի միջանց լինի նաև Նոյեմբերյանի հատվածում։

«Ասենք՝ Ոսկեպարի հատվածում։ Դա այն հատվածն է, որտեղ Ադրբեջանի հայտնի անկլավներից մեկն է, և ճանապարհը տանում է դեպի Վրաստան։ Այսինքն՝ կարծում եմ, որ Ռուսաստանը խնդիր չունի ապահովելու այդ մեկ-երկու, գուցե երեք, չգիտեմ, հիմա նաև խոսվում է հայտնի Տիգրանաշենի մասին, իհարկե, պաշտոնյաները հերքում են։ Այսինքն՝ Ռուսաստանն այսօր ունի հնարավորություն Հայաստանի տարածքում երկու, երեք, չորս, քանի միջանցք ասեք, իր վերահսկողության տակ պահել և դրանով իսկ ազդեցության իր լծակներն ունենալ ոչ միայն Հայաստանի վրա։ Մենք այսօր Ռուսաստանի ափերի մեջ ենք, սա է դառը իրականությունը։ Մենք ամեն Աստծո օր կորցնում ենք և կորցրել ենք մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և նման միջանցքներով, եթե կա իրոք նման նախագիծ, Ռուսաստանն ազդեցության լծակներ է ունենալու և օգտագործելու մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի վրա», - ասաց Հակոբյանը։

«Ռուսաստանի գլխավոր նպատակը Հարավային Կովկասը Եվրոպայից կտրելն է»

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով էլ Ռուսաստանի գլխավոր նպատակը Հարավային Կովկասը Եվրոպայից կտրելն է։

«Գիտեք, Հարավային Կովկասի երեք երկրները Եվրախորհրդի անդամ են, այսինքն՝ անբաժանելի մասն են Եվրոպայի։ Ռուսաստանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց պլանները՝ Հարավային Կովկասի հարցերը, որ իրենք միասին լուծեն։ Այս կոնտեքստով կգործի Ռուսաստանը, նաև այդ թվում՝ փորձել անջատել Հարավային Կովկասը դե ֆակտո Եվրոպայից, էդ առաջինը, երկրորդը՝ Հարավային Կովկասի ներսում ինչ-որ հարցեր լուծել, օրինակ, նույն այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» իր վերահսկողության տակ վերցնի, ու իրոք էդ թեմաները գլխավորը կլինեն: Փորձ կարվի համոզել Հայաստանին, որ Հայաստանը համաձայնվի թուրք-ռուսական այդ պլաններին նաև հետո համաձայնվի, որ ռուս զորքերը վերահսկեն այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Պարզ է, որ դա չի բխում Հայաստանի շահերից, դա գրեթե նշանակում է, որ մենք հրաժարվում ենք անկախ պետականության այդ ինստիտուտից, գրեթե դա է նշանակելու, եթե մենք համաձայնենք», - ասաց քաղաքագետը։

Վաղը Մոսկվյաում սպասվող Փաշինյան-Պուտին բանակցություններից մանրամասներ հայտնի չեն, հայտնի չէ նաև օրակարագը։ Օրեր առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը միայն ընդհանուր տեղեկություններ փոխանցեց՝ նշելով, որ Փաշինյան-Պուտին արդեն չորրորդ հանդիպման «օրակարգն ընդգրկելու է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական սպեկտրը»։

Ադրբեջանը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։

Օրերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG