Խստացումների վերջին դրվագն ենք տեսնում, երբ պատգամավորին փորձում են քաշելով դուրս հանել. ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամ

Խորհրդարանում «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թվի հաստատման քննարկումներն անցած լարված՝ ընդդիմության և իշխանության փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում։ Գործին կրկին խառնվեցին անվտանգության աշխատակիցները՝ ամբիոնից հեռացնելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ընդ որում այս անգամ ծեծկռտուք չկար, միայն ելույթներ էին հնչում։

Նախ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն ի պատասխան իշխանական պատգամավորի հարցին, թե ո՞րն է հանձնաժողովից ընդդիմադիրների ակնկալիքը, հայտարարեց՝ կարծում է, որ «դեռ շատ սրիկայություններ կբացահայտեն»։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը հակադարձեց՝ «մտածված քաղաքականություն է վարվում՝ վարկաբեկելու հիմնադրամը»։ Խաչատրյանն էլ իր հերթին ընդդիմության պահվածքը «սրիկայություն» որակեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ցույց տալ, բայց Արցախ ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախն ուրացել»։

Այս խոսքերից հետո Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ հրահանգեց անջատել Մանուկյանի խոսափողը, այնուհետև անվտանգության աշխատակիցները ամբիոնի մոտից հեռացրին պատգամավորին, հայտարարվեց ընդմիջում։

ԱԺ մոնիտորինգ ծրագրի անդամ Մարիամ Բարսեղյանը, որն 10 տարուց ավելի դիտարկում է խորհրդարանի աշխատանքը, ասում է՝ չի հիշում նման դեպք, երբ անվտանգության աշխատակիցները մոտենան Ազգային ժողովի ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին, քաշքշեն, փորձեն դահլիճից դուրս հանել։

«2018 թվականից սկսած` հեղափոխությունից հետո արդեն ձևավորված երկու գումարումների այս աշխատանքների ընթացքում ԱԺ-ի պետք է նկատեմ, որ զարմանալու առիթներ ունեցել ենք` աննախադեպ երևույթներ արձանագրելով: Սկզբում, երբ որ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջադեպը եղավ, մենք զարմանքով արձանագրեցինք, որ առաջին անգամն էր, որ ամբիոնի մոտ պատգամավորների միջև բախում է լինում:

Անցավ մի որոշ ժամանակ, այս գումարման ընթացքում մենք տեսանք, որ Աննա Մկրտչյանին փորձեցին Ազգային ժողովի դահլիճից դուրս հանել: Հիմա արդեն վերջին կետը այս զարգացումների, խստացումների վերջին դրվագը, երբ որ պատգամավորին փորձում են քաշելով դուրս հանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ դահլիճում ծեծի ժամանակ օթյակից հեռացվել են լրագրողները. կազմակերպությունները դիմում են դատախազություն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ քրգործ է հարուցվել

Այսօրվա միջադեպի հետևանքով քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագիծն այդպես էլ չքննարկվեց։ Հանձնաժողով ստեղծելու դիմումի տակ ստորագրել էին ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները։ Կգործի այս հանձնաժողովը, թե՝ ոչ, կախված է հենց անդամների թիվը սահմանող որոշման նախագծի հաստատումից, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իշխանականները կողմ քվեարկեն։ Այսօրվա նիստում իշխանական Վիգեն Խաչատրյանն ասաց՝ իրենք պակաս շահագրգիռ չեն պարզելու՝ եղել են արդյոք չարաշահումներ, թե ոչ։ Այդուհանդերձ, չհստակեցրեց, թե արդյոք կողմ կքվեարկեն նախագծին։

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն այսօր հայտարարեց՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը միտված է ցրելու օդում կախված այն լուրերը, թե պետական բյուջե փոխանցված այս գումարը ծախսվել է ոչ արդյունավետ. «Որ եղել են այդ պահին ֆիկտիվ գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջոցով կանխիկացում մեր պետական բյուջեից, եղել են գնումներ, որոնք շրջանցել են գնումների ընթացակարգը, նույնիսկ Պաշտպանության նախարարությունը առհասարակ, եղել են գնումներ, որոնց արդյունավետության և տեղի լինելու հետ կապված առկա է հիմնավոր կասկած, կան նաև դեպքեր, երբ առաջանում են կասկածներ առհասարակ ուղղվող ոլորտների նկատմամբ: Եվ այս բոլոր հարցերի վերաբերյալ աշխատելու է այս քննիչ հանձնաժողովը»:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, սակայն, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ կատարված ծախսերը համապատասխանել են հիմնադրամի կանոնադրական նպատակներին, և շուտով հոգաբարձուների խորհրդի նիստում կներկայացնեն աուդիտի արդյունքները։