Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն աննախադեպ են որակում երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը, պատրաստվում են պայքարել այդ երևույթների դեմ


Նորընտիր Ազգային ժողովում վիրավորանքներով ու փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվող նիստերն ի ցույց են դնում Էթիկայի հանձնաժողովի անհրաժեշտությունը, վստահ է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Երեկ խորհրդարանում ընդդիմադիր ու իշխանական օրենսդիրների վեճը սկսեց վարչապետին անունով դիմելու և պիտակավորելու պատճառով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը զարմանում է, թե ինչու մինչ օրս ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր պատգամավորները չեն բարձրաձայնում Էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին։

«Ամենամեծ գործն ունի անելու հենց այդ հանձնաժողովը, որի քննարկման առարկան պետք է դառնան Ազգային ժողովի պատգամավորների վարքագիծը, պատգամավորների՝ քաղաքացիների հետ վերաբերվելու, հարաբերվելու վարքագիծը, լրագրողների հետ Ազգային ժողովի պատգամավորի վարքագիծը, որը ներառում է բառապաշարը, անդրադարձը քննադատությանը, քննադատության ոճին», -ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը։

Շատ դեպքերում չգրված կանոնները՝ ինչպիսիք են էթիկայի նորմերը, առավել արդյունավետ են դարձնում աշխատանքը, իսկ ժողովրդավարական պետությունում քաղաքական մարմնի աշխատանքը առանց այդ նորմերի արդյունավետ լինել չի կարող, ընդգծում է Սաքոնցը՝ նշելով՝ ժողովրդավարության ավանդույթ ունեցող շատ խորհրդարաններում հենց էթիկայի հանձնաժողովներն են զարգացրել պատասխանատվությունն ու թափանցիկ գործելաոճը։

«Հանձնաժողովում պետք է ընդգրկվեն բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչները, եթե կարիք ունեն, ապա որպես փորձագետ կարող են հրավիրել էթիկայի մասնագետի, որը, որպես բազմակուսակցական մարմին, կմշակեր նորմերը, կտար գնահատական և դա կլիներ արդեն պառլամենտական հանձնաժողովի կողմից դրված մոտեցում», - ասաց Սաքունցը։

Խորհրդարանում երեկ ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար Ազգային ժողովի նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և միևնույն ժամանակ հրահանգեց դադարեցնել նիստի ուղիղ հեռարձակումը։

Սա աննախադեպ է ո՛չ միայն Հայաստանի պատմության մեջ, այլև ժողովրդավարական, կիսաժողովրդավարական, նույնիսկ բռնապետական երկրների պատմության մեջ, կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակեերպության ծրագրերի համակարգողը Դանիել Իոաննիսյանը։

«Խորհրդարաններում տեղի ունեցողը լուսաբանվում է ամբողջությամբ, և սա ամրագրված է շատ հստակ Սահամանդրության 42-րդ հոդվածում, որը երաշխավորում է մամուլի ազատությունը, 51-րդ հոդվածը երաշխավորում է քաղաքացիների տեղեկություն ստանալու իավունքը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որը երաշխավորում է, որ նիստերը հեռարձակվում են, և կանոնակարգ օրենքը չի նախատեսում, որ Ազգային ժողովի նախագահը կարող է նիստերի հեռարձակումը կանգնեցնել», - ասաց Իոաննիսյանը։

Խորհրդարանում գրանցված միջադեպի ժամանակ, ոչ միայն եթերն ընդհատվեց, այլև լրագրողներին դուրս հանեցին օթյակից, որտեղից նրանք հետևում են նիստերին։

Սա ոչ միայն հակասում է օրենքին, այլև քրեական օրենսգրքով արգելված արարք է հանդիսանում, նկատում է Իոաննիսյանը։ Նա նաև նշում է, որ այս երևույթների դեմ ստիպված են լինելու պայքարել այն ամբողջ գործիքակազմով, որոնք չէին կիրառվում հեղափոխությունից հետո՝ նկատի ունենալով իշխանությունների վրա միջազգային ճնշումները։

«Մենք այժմ քննարկումներ ենք ունենում, որ հասկանանք, թե ինչպես ենք պայքարում այս երևույթների դեմ։ Քնարկում՝ սկսած դատարան դիմելուց, հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց և լիազորություն ունեցող սուբյեկտների կողմից Սահմանադրական դատարան դիմելուց», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ, անդրադառնալով լրագրողներին՝ օթյակից հեռացնելու դեպքին, կարծիք էր հայտնել, որ ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ: Այս տեսակետը ևս քննադատության արժանացավ․ Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց՝ պատգամավորի գործը օրենսդրական գործունեությունն է և ոչ թե Մայր օրենքի, իր ձևակերպմամբ, անհեթեթ մեկնաբանություններ անելը։

XS
SM
MD
LG