Մատչելիության հղումներ

Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ քրգործ է հարուցվել


Լուսանկարում` Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը, արխիվ
Լուսանկարում` Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը, արխիվ

Դատախազության վերացրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ քրեական գործ չհարուցելու որոշումը, քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ազատությանը» տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որոշում էր կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր` Էդգար Մարուքյանի՝ դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով։

Դատախազության տեղեկացմամբ՝ նյութերի և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ:

«Հաշվի առնելով, որ վերջնական գնահատականներ հնարավոր է տալ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով», - հայտնում են դատախազությունից։

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը` Էդգար Մարուքյանը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի` վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ:

«Առկա է հիմնավոր կասկած, որ Սասուն Միքայելյանը զինված է շրջում, ինչպես նաև նրա հետ կան զինված անձինք, պետք է պարզել նաև, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով կարելի է սպառնալ քաղաքացուն», - դատախազին ուղղված դիմումում նշել է Էդմոն Մարուքյանի եղբայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG