«Կպահենք, ինչքան հնարավոր է». Վեց ամիս է՝ Դադիվանքը փակ է մնում հայ ուխտավորների համար

Վեց ամիս շարունակ Դադիվանքը փակ է մնում հայ ուխտավորների համար։ Ադրբեջանցիները սկզբում պատճառաբանեցին, թե քովիդի համաճարակ է, հետո էլ ասացին, թե Թարթառը վարարել է, ճամփան փլուզվել՝ վանք հասնել չեք կարող: Այժմ էլ պնդում են, թե Մարտակերտի շրջանի անտառային մի հատվածում, որ ըստ ադրբեջանցիների Աղդաբան գյուղն է եղել, գուսանի սրբավայր ունեն՝ եթե հայկական կողմն ուզում է Դադիվանք գնալ-գալ, ուրեմն իրենք էլ պետք է իրենց գուսանատեղի ելումուտ անեն:

«Գուսան, երգահան, չգիտեմ ինչ, որի բազմահատոր արխիվները մենք առաջին պատերազմի ժամանակ վառել ենք, ինչ ենք արել, սենց ավելորդ խոսակցություններ են, որ անհիմն են, իրենք ասում են, իրենք ոգևորվում», - ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների խոսքը՝ Աշուղ Գուրբանիի մասին է, նրա որդին՝ աշուղ Շամշիրն այսօր էլ ակտիվ աշուղություն է անում:

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն ասում է՝ ադրբեջանցիները դեպի այդ հատված արդեն իսկ ճանապարհ են կառուցել՝ ցանկանում են խաղաղապահների միջոցով բանակցություններով հասնել նրան, որ նախկին Աղդաբանը, որի տեղն այժմ չի երևում, հանրահռչակվի. «Էդ գյուղը կապում են էդ գուսանի հետ կամ էդ գուսանն են էդ գյուղի հետ կապում, որպեսզի գուսանի հետ միասին այդ գյուղի հեղինակությունը մարդկանց առաջ բարձրացնեն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք մենակ ենք մնացել քեզ հետ, Տեր». Դադիվանքի հոգևորականները հայ ուխտավորների են սպասում

9-րդ դարի հայկական վանական համալիր հայերի ուխտագնացությունների վերականգնման հարցն այժմ քննարկվում է հանգուցյալ աշուղի համատեքստում: Կես տարի Դադիվանքում ադրբեջանական օղակի մեջ առանձնացած ապրում են 6 հայ հոգևորականներ: Վանահոր պարտականությունները Ներսես աբեղա Հարությունյանն է կատարում, նա Հայաստան է եկել կարճ ժամանակով, ասում է՝ իրենց համար էլ վանք մտնել դուրս գալը բարդացել է:

«Ինչքան պետք եղավ մնալու ենք այնտեղ, չեն թողնի ինձ ներս մտնել, կգնամ սահմանին այնքան կսպասեմ, մինչև նորից առիթ կլինի կվերադառնամ իմ վանքը», - ասաց Հարությունյանը:​

Ռուս խաղաղապահները անմիջապես վանքի կողքին են տեղակայված, բայց ադրբեջանական զորքը Դադիվանքի տարածքում անհաշվելի է, հայ հոգևորականներին ուղղված սպառնալիքներն՝ անպակաս. «Վայրագ գոռոցներ, հայհոյանքներ, երբեմն նույնիսկ ուղղակի սադրանքներ, կարող են քար նետել մեր պատուհաններ վրա»:​

«Զենք ունենք, խաչն է», - ասում է հայր սուրբը:

Այս կադրերում Դադիվանքի մի քանի հոգևորականներն են՝ համբարձման տոնի պատարագ մատուցում Դադիի գերեզմանին՝ ամեն ինչ ըստ եկեղեցական կարգի է, ոչինչ չի հուշում, որ տարածքում գեթ մեկ ուխտավոր, հայ մարդ չկա. «Վաղ միջնադարյան վանական կյանքի օրինակ է այնտեղ»​:

Ներսես աբեղա Հարությունյան

Աղոթք, գրքեր, զրույցներ. այսպես են ապրում հայ հոգևորականները, վերջերս հյուրեր ունեցան՝ ուդիներ էին: Ադրբեջանը Դադիվանքը հնագույն աղվանական եկեղեցի է համարում, որ վերադարձրել են քրիստոնյա ուդիներին. «Բանից անտեղյակ մարդուն բերել են հոգևորականի հագուստ են հագցրել, նա էլ գալիս է, թե եկել ենք աղոթենք, ու անպայման խնդրում է, որ մենք հանկարծ ներկա չլինենք իրենց աղոթքին: Եկան, աղոթեցին, գնացին, կեղծիք»:​

Դադիվանքի վանահոր պարտականությունները կատարող աբեղան չգիտի՝ հնարավոր է լինելու վանքը հասանելի դարձնել հայերի համար, թե ոչ: Շեշտում է՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական ճանապարհով խնդիրը չլուծվեց, առայժմ պահում են հոգևոր ուժով. - «Հիմա ես տեսնում եմ, որ տրված է այս հնարավորությունը, կպահենք, ինչքան հնարավոր է»:


Վանքի պարսպից հայ հոգևորականները դուրս գալ չեն կարող, շաբաթը մեկ անգամ խաղաղապահների միջոցով Արցախի թեմը սնունդ է ուղարկում, տեղում վանահայրը ճաշեր է պատրաստում:

կուսակրոն հոգևորականը մինչև Դադիվանք գնալը՝ տարբեր թեմերում միշտ մենակ է ապրել: Այս մենակությունն այնքան ուրիշ է, ասում է հայր Ներսեսը: «Դադիվանոց ժամագիրք» բանաստեղծական շարքը գրել է Դադիվանքում փակվելուց հետո: