Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պատրաստվում է միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնել Դադիվանքի միջադեպի մասին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորի մուտքը Դադիվանք, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն:
«Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու Հայ Առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը։
Սրանով իսկ ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հայ հավատացյալները կարող են մուտք գործել և հոգևոր արարողություններ իրականացնել Դադիվանքում» ,- գրել է Արցախի օմբուդսմենը։