Շատ հարցերի պատասխան «այդպես էլ չստացանք», այսօր՝ ընդդիմադիրների պահանջից ավելի քան մեկ ամիս անց անվտանգային հարցերի վերաբերյալ ուժայինների հետ փակ հանդիպումից հետո հայտարարեցին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
Ընդդիմադիրների առաջարկությամբ և մեծամասնության քվեարկության արդյունքում այսօր Ազգային ժողովում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակի և սահմանազատման խնդիրների վերաբերյալ փակ ռեժիմով քննարկում անցկացվեց։ Պատգամավորների հարցերին պատասխանում էին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:
Հանդիպման կեսից նիստերի դահլիճը լքեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Պետական գաղտնիք է, փակ ռեժիմով քննարկմանը մեծամասամբ հենց այսպիսի պատասխաններ են տրվել պատգամավորնեի հարցերին, դժգոհեց նա. «Խորը հիասթափված եմ, և ես դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում շարունակել լսել այս խեղկատակությունը»:
Լրագրողների հարցերին ուժային կառույցների ներկայացուցիչներն ընդհանրապես չպատասխանեցին։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և վերջինիս բացակայության ժամանակ նրան փոխարինող Արմեն Խաչատրյանի ուղեկցությամբ նախ դուրս եկավ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:
Շենք առանց ուղեկցության մտած Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին հեռանալիս էլ ոչ ոք չուղեկցեց։ Շփոթված գեներալն ԱԺ-ում մի քանի շրջապտույտ կատարելուց հետո անվտանգության աշխատակցին խնդրեց իրեն դուրս հանել շենքից։ Զուգահեռ գեներալը փորձում էր խուսափել իրեն հարցեր տվող լրագրողներից։
Ըստ Օհանյանի` նման հանդիպմանը պետք է ներկայանա նաև Փաշինյանը
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փակ նիստից հետո հայտարարեց՝ նման հանդիպումներին պետք է ներկայանան առաջին դեմքերի մակարդակով, որպեսզի կարողանան ամբողջական ինֆորմացիա տալ։ Պաշտպանության նախկին նախարարը մի քանի եզրակացություն է արել, որոնցից մեկը վերաբերում է 44-օրյա պատերազմի դադարի մասին նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությանը։ Այսօրվա փակ հանդիպմանը հնչեցված պատասխաններից Օհանյանը եզրակացրել է` չնայած հայտարարության առաջին կետին, համաձայն որի Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, հայկական կողմից հետ քաշվելու վերաբերյալ բանավոր հրահանգ է եղել։
«Որևիցե մի հենք չի եղել, որ հայկական զորքերը` լինի դա Պաշտպանության նախարարություն, թե սահմանապահ ստորաբաժանումներ, հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում: Մեր եզրակացությունը մեկն է, որ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով ՀՀ իշխանություններից կողմից, թե ում կողմից, թող իրենք գնահատեն և մեր հանրությանը ներկայացնեն», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սյունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները փորձել են աշխատանքներ իրականացնել, ըստ Գորիսի փոխքաղաքապետի՝ մոտեցել են ՎերիշենինԱյս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է նաև կալանքից վերջերս ազատված ընդդիմադիր պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը. «Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին գալիս է Գորիս և մեզ բոլորիս` համայնքի ղեկավարներին հրավիրում այնտեղ և մեզ ասում է` ձեզ մինչև վաղը` 5-ը ժամանակ, բոլոր տեղերից պետք է հետ գաք: Այդ ժամանակ մեզ մոտ մտահոգություն է առաջանում, որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ասել են, որ ով որտեղ կանգնած է` պետք է մնա այնտեղ»:
Դեկտեմբերի 14 -ին ուղերձով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու խոսելով Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտումից` ակնարկել էր բանակցությունների ընթացքում եղած ըմբռնման մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, շեշտում է վարչապետըՕհանյանը կարծում է` կարիք կա նման փակ ֆորմատով հանդիպման, այդ թվում` հենց Փաշինյանի և մյուս պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ` այս հացերի պատասխանները ստանալու համար։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում ենթադրաբար ստորագրվելիք նոր փաստաթղթերի մասին լուրերին, Օհանյանն ասաց` այս մասին հրավիրյալները որևէ տեղեկություն չեն ունեցել ու չեն փոխանցել: