Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա որոշակի հարցերի վերաբերյալ առաջիկայում հնարավոր է առաջընթաց գրանցվի. Լորենս Բրոերս


Լորենս Բրոերսը «Ազատության» տաղավարում
Լորենս Բրոերսը «Ազատության» տաղավարում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը ժամանակ է պահանջում, սակայն երկու երկրների միջև առկա որոշակի հարցերի վերաբերյալ առաջիկայում հնարավոր է առաջընթաց գրանցվի, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Լոնդոնում գործող Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն Լորենս Բրոերսը։

Տարիներով հարավկովկասյան խնդիրներով զբաղվող վերլուծաբանը Երևանում է՝ մասնակցելու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող միջազգային համաժողովի։

«Կարծում եմ, դեռ ժամանակ է պահանջվում, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը իրականություն դառնա։ Տեղյակ եմ, որ երկու երկրների ղեկավարները ազդակներ են հաղորդում, թե պատրաստ են հանդիպել։ Հավանաբար, առաջին հանդիպումներին նրանք կկենտրոնանան իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք ցավ են պատճառում հանրությանը՝ հայաստանցի ռազմագերիների, ականապատ դաշտերի քարտեզների և հռետորաբանության մեղմման հարցերը։ Հնարավոր է առաջընթաց գրանցվի երկկողմ որոշակի հարցերում Ռուսաստանի միջնորդած եռակողմ ձևաչափի շրջանակում։ Սակայն, կարծում եմ, խաղաղության համապարփակ համաձայնագիրը պետք է կարգավորի բոլոր խնդիրները՝ կապված հակամարտության հետ։ Կարծում եմ, այս գործընթացը կվերադառնա ԵԱՀԿ Մինսկի խումբ», - «Ազատության» տաղավարում ասաց Բրոերսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել տարածաշրջանում խաղաղության էջ բացելու մտադրության մասին։ Հայաստանի հետ հարաբերությունների մասին վերջերս ավելի հաճախ է սկսել խոսել նաև Ադրբեջանի նախագահը։

«Այժմ ամենակարևոր հարցը տարածաշրջանում հետպատերազմյան փուլն է և խաղաղության ապահովումը։ Մենք ուզում ենք շրջել այդ էջը, և դա է մեր քաղաքականությունը, ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ», - երկու օր առաջ հայտարարել է Իլհամ Ալիևը Բաքվում ընդունելով Եվրամիության նորանշանակ դեսպանին։

Օգոստոսի վերջից ակտիվություն է նկատվում Հայաստան-Թուրքիա ուղղությամբ։ Փաշինյանն ու Էրդողանը արդեն բազմիցս հրապարակավ հանդես են եկել հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։ Ամենից ուշագրավը թերևս Թուրքիայի նախագահի սեպտեմբերի 19-ի խոսքերն էին, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։

Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։

«Կարծում եմ, որոշակի տեղաշարժ կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Տարածաշրջանային հաղորդակցական ուղիներին վերաբերող այդ ամբողջ ծրագրի իրականացումը հավանական է թվում։ Կարծում եմ Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի։ Դժվար է պատկերացնել բաց Հարավային Կովկաս, եթե հայ-թուրքական սահմանը շարունակի փակ մնալ։ Թուրքիան պատճառ ունի առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, որովհետև Թուրքիան ներկայացված չէ Ռուսաստանի միջնորոդությամբ գործող եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում։ Թուրքիան 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության մասնակից չէ, և առանց հայ-թուրքական սահմանի վերաբացման Թուրքիան գերազանցապես կշարունակի մնալ լուսանցքում։ Կարծում եմ, առանցքային հարցը՝ Հայաստանի պատրաստակամության հարցն է։ Առկա են հասկանալի մտահոգություններ տնտեսական ազդեցության, սահմանի վերաբացման ազդեցության մասին, սակայն առանցքային է, որ այս որոշումը կայացվի Երևանում ու Անկարայում, ոչ թե այլ տեղ»։

XS
SM
MD
LG