Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող արևմտյան տասը դեսպանների շուրջ առաջացած ճգնաժամը կարծես հանգուցալուծվում է: Անկարայում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ հետևելու է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ կետին և հարգելու է ընդունող երկրի օրենքներն ու կարգերը՝ չխառնվելով դրա ներքին գործերին:
Այս հայտարարությանը միացել են նաև Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանությունները, առայժմ լուր են Ֆրանսիայի ու Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները:
Anadolu գործակալությունը, հղում անելով նախագահական աղբյուրներին, հայտնում է, որ Թայիփ Էրդողանը դրական է գնահատել դեսպանությունների հայտարարությունը: Թուրքական մամուլը գրում է, թե «այս հայտարարությամբ արևմտյան դեսպանությունները, ըստ էության, հետ քայլ են անում, և նախագահը կարող է վերանայել նրանց արտաքսման որոշումը»:
Շաբաթ օրը Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե երկրի արտաքին գործերի նախարարությանը կարգադրել է «անցանկալի անձ» հայտարարել Թուրքիայում արևմտյան տասը երկրների, այդ թվում` ՆԱՏՕ-ում դաշնակիցներ ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպաններին՝ արդեն 4 տարի բանտում գտնվող անվանի թուրք գործիչ Օսման Քավալային ազատ արձակելու պահանջով համատեղ հայտարարության համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում կրկին լարված շրջան է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 10 երկրների դեսպաններ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ Քավալայի գործի վերաբերյալ արած համատեղ հայտարարության առնչությամբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում մեկնարկել է իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարությունը«Քնում, զարթնում են, Քավալայի անունը տալիս, այդ Քավալա կոչվածը Սորոսի Թուրքիայի մասնաճյուղն է: Տասը դեսպան նրա համար գալիս է ԱԳՆ, սա ի՞նչ անքաղաքավարություն է, նրանք պետք է ճանաչեն Թուրքիան, հասկանան և իմանան` այն օրը, երբ չեն հասկանա Թուրքիան, կհեռանան», - հայտարարել է Էրդողանը:
Քավալան մեղադրվում է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու համար։ Առանց դատավճռի բանտում պահվող թուրք գործիչը հերքում է մեղադրանքները, իսկ ՄԻԵԴ-ը դեռ երկու տարի առաջ էր որոշել, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Ինքը՝ Քավալան օրերս հայտարարել էր, թե արդար դատավարության հույս չունի։
Ավելի վաղ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը Էրդողանի հայտարարությունը բավական կոշտ և ցավալի էր որակել: Նա նշել էր, որ կարևորում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքն ու դրանց կիրառումը, այդ պատճառով էլ կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Քավալային: Մարինը հայտնել էր, որ պաշտոնական Հելսինկին հարցի առնչությամբ կապի մեջ է թուրքական իշխանությունների հետ, և վերջնական եզրակացություն կազմելուց առաջ Անկարայից լրացուցիչ տեղեկությունների են սպասում։ Ավելի վաղ նմանօրինակ հայտարարություն էր արել նաև Դանիայի արտգործնախարարը։
Դեսպաններին արտաքսելու մասին Էրդողանի սկանդալային հայտարարությունը քննադատվել էր նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել էին Էրդողանի երբեմնի թիմակիցներ` Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Գյուլն Էրդողանի հայտարարությունը անընդունելի է համարել՝ ընդգծելով, որ դեսպանները իրենց երկրների ղեկավարության հանձնարարությունն են կատարել և չպետք է պատժվեն դրա համար:
Նախկին արտգործնախարար Դավութօղլուն էլ թվիթերյան իր էջում գրել էր, որ սա կարող է դառնալ Թուրքիայի պատմության ամենամեծ դիվանագիտական ճգնաժամը: Նա պնդել էր, որ Քավալան, մյուս քաղաքացիների նման անկախ և անկողմնակալ դատավարության իրավունք ունի:
Վերջին 50 տարում Թուրքիայում միայն երեք դիվանագետ է անցանկալի անձ հայտարարվել: 1986-ին Թուրքիայից արտաքսվել են Լիբիայի դեսպանը և Սիրիայի դեսպանի խորհրդականը, 1989-ին էլ Իրանի դեսպանը: