Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրի արտաքին գործերի նախարարությանը կարգադրել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել Թուրքիայում արևմտյան տասը երկրների դեսպաններին՝ արդեն 4 տարի բանտում գտնվող հասարակական, մշակութային գործիչ, իրավապաշտպան, թուրք գործարար Օսման Քավալային ազատ արձակելու պահանջով համատեղ հայտարարության համար:
«Քնում զարթնում են Քավալայի անունը տալիս: Այդ Քավալա կոչվածը Սորոսի Թուրքիայի մասնաճյուղն է: Տասը դեսպան նրա համար գալիս են Արտգործնախարարություն: Սա ինչ անքաղաքավարություն է: Նրանք պետք է ճանաչեն Թուրքիան, հասկանան և իմանան: Այն օրը, երբ չեն հասկանա Թուրքիան, կհեռանան», - այսօր Էսքիշեհիր քաղաքում ասել է Էրդողանը՝ հայտնելով, որ արտաքին գերատեսչությանը հանձնարարել է անցանկալի անձ հայտարարել տասը դեսպաններին:
Օրերս Էրդողանը սպառնացել է արտաքսել Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին Քավալային աջակցող հայտարարության համար: